Պարզվեց՝ ես լուրջ մարդկանց չեմ սիրում: Երևակայեք՝ լուրջ մարդը նստած հաց է ուտում. շա՛տ լուրջ է, կարևոր գործ է անում: Ամեն շարժում` բերանի, լեզվի, շատ կարևոր են շրջապատի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար: Կամ, պատկերացրեք, լուրջ մարդը նստած է զուգարանում. ինչքա՛ն լուրջ գործով է զբաղված նա. միգուցե մարդկության ճակատագիրը հենց այդ պահին կախված է հենց իրենից:
Նա դարակից վերցնում է դեմքի մի լուրջ արտահայտություն, գլուխը վերև պահած, եթե փոր ունի՝ փորը ցցած, ինքն իրենից լուրջ քայլում է դեպի գործատեղ: Նա լուրջ տղաներ էլ ունի՝ փոքրիկ լրջիկներ են, հետո դառնալու են մե՛ծ-մեծ լուրջեր՝ կնոջը երես չեն տալու, չեն ծիծաղելու նրա հետ, կատակ չեն անելու, չեն գզվռտվելու. չէ՞ որ դրանք լուրջ բաներ չեն: Ա՛յ, ուրիշ բան, լո՛ւրջ նստեն ու հիանան իրենց լրջությամբ, բամբասեն անլուրջ մարդկանցից:
Լուրջ մարդիկ կյանքում «լուրջ հաջողությունների» են հասնում՝ դառնում են տնօրեն, կառավարչի տեղակալ, կուսակցության ամենապինդ անդամ, երբեմն՝ գիտնական են ձևացնում իրենց, հատկապես երեխաների գծով գիտնական: Ու դրանց արածներից երեխաների փորիկները սկսում են ցավել, ու նրանք վազում են զուգարան` լուրջ գործով զբաղվելու:
Այդ լուրջ մարդիկ երբեմն քնում են: (Ի՛նչ անլուրջ վերաբերմունք իրենց անձի և տանձի նկատմամբ:) Բայց լուրջ մարդը չի կարող մուշ-մուշ քնել, նա պիտի անպայման խռռացնի, որ բոլորը լսեն ու հիշեն, թե ինքը որքան լուրջ է, զգաստ լինեն ու արթուն:
Իսկ ինչի՞ց պարզվեց, որ ես լուրջ մարդկանց չեմ սիրում: Մի անգամ ես էլ լրջացա, այնքան լուրջ էի, կարևոր, մեծ գործ էի անում, ես էի, որ կայի, էն ոնց էի քայլում, ոնց էի շնչում, մենակ տեսնեի՛ք: Ես դարձել էի աշխարհի ամենալուրջ մարդը: Ու… ինքս ինձանից զզվեցի, քիչ էր մնում վրաս դուրս տար: Ճիշտն ասած՝ ամաչեցի: Տեսա, թե ինչքան անլուրջ բան է լուրջ լինելը, գրեթե՝ եթե չասեմ՝ ապուշություն, ապա՝ միամտություն:
Լուրջ մարդը հիմնականում խոսում է այն բաներից, դատողություն է անում այն բաների շուրջ, որոնից չի հասկանում: Բայց ինքը չգիտի, որ չի հասկանում, որովհետև հասկանում է շատ քիչ ու իրեն թվում է, թե այդ շա՛տ քիչը ամբողջն է:
Մի խոսքով, ինձանից լուրջ մարդ դուրս չեկավ. սա շատ հիասթափեցրեց ինձնով հետաքրքրվող մի շարք կանանց. չէ՞ որ նրանք լուրջ նպատակներ ունեին, իսկ անլուրջ մարդու հետ լուրջ նպատակներ՝ չարժե:
Սա միակ բանն էր, որ լրջորեն վշտացրեց ինձ, քանզի կյանքն ինքը լուրջ բան է դառնում, եթե կանայք այդ կյանքն անլուրջ ու ջրիկ չդարձնեն, այսինքն՝ սիրելի չդարձնեն: Շնորհավորենք կանանց գարնանային առաջին տոնը, ասենք, որ յուրաքանչյուր կին վառվռուն մի գարուն է, խենթ ու խելառ մի եղանակ: Եվ տղամարդիկ խենթ ու խելառ են դառնում, բոլորովին անլուրջ, սիրահարվո՛ւմ են, սիրում են ու ապրում իրենց կյանքը՝ շնչելով գարնանային կանանց խենթ ու խելառ բույրը:
Շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ մեզ անլուրջ ապրելու հնարավորություն է տվել: Թող լինի… ԿԻՆԸ:
ՎԱՍ
Անլուրջ մտորումներ` մարտի 8-ի առթիվ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet