«Հրապարակ»-ը գրում է․ «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այդքան սպասված գագաթնաժողովից հետո՝ երեկ, որոշ շրջանակների տագնապալից սպասումներն իրականություն չդարձան։ Խոսակցություններ կային, որ Հայաստանին հնարավոր է դուրս թողնեն ԵԱՏՄ կազմից, քանի որ պաշտոնական Մոսկվան հստակություն է պահանջում Երևանից՝ կա՛մ մնալ ԵԱՏՄ-ում, կա՛մ շարունակել ճանապարհը ԵՄ-ի հետ։ Խոսվում էր նաև խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին, թեպետ արդեն շաբաթներ շարունակ հայկական արտադրանքը չի արտահանվում ռուսական շուկա կամ մասամբ է արտահանվում, եւ հայտարարություններ են հնչում գազի գնի թանկացման մասին։
Այս ֆոնին իշխանության ներկայացուցիչները՝ Փաշինյանի առաջնորդությամբ, վերջին օրերին կարծես փորձում էին մեղմել Մոսկվայի զայրույթը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում օրերս հայտարարեց, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Նաեւ իրեն բնորոշ ոճով` վտանգ զգացածի բնազդով ասաց, թե Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունեն վստահելի հարաբերություններ։
ԵԱՏՄ երեկվա գագաթնաժողովի շրջանակում Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել և այն փոխանցել միջոցառմանը մասնակից Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որն այն պետք է փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Երեկ Աստանայում ունեցած ելույթում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, ինչից ենթադրվում է, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու որոշման մասին խոսք լինել չի կարող։ Ավելի ուշ տեղեկացանք, որ չորս պետությունների առաջնորդները Փաշինյանին մեկ անգամ եւս հորդորել են հստակ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ` համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Եվ որոշել են հարցին անդրադառնալ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստում, որի ժամանակ ԵԱՏՄ անդամները կներկայացնեն «ԵԱՏՄ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար»: Նաև արձանագրել են, որ Հայաստանի` «ԵՄ-ին անդամագրման նախապատրաստությունը պարունակում է տնտեսական ռիսկեր ԵԱՏՄ երկրների համար»:
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի կարծիքով, առնվազն միամտություն էր ակնկալել, որ մեր երկրին պետք է դուրս թողնեին ԵԱՏՄ կազմից․ «Ես՝ որպես մարդ, որը երկար տարիների փորձ ունի հայ-ռուսական պատգամավորական հարաբերություններում, այնուհետեւ՝ Հանրապետական-«Եդինայա Ռոսիա» ֆորմատով, ես էլ Ռուսաստանից նոր եմ վերադարձել, որտեղ համաժողով կայացավ՝ ԵՌ-ի կազմակերպմամբ, համաժողովի թեմաներից մեկն էլ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հարցերն էին: Ես օրերս վերադարձել եմ Հայաստան և հարցազրույցներից մեկում հստակ ասել, որ չեմ կարծում, թե հիմա կդրվի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Ինչո՞ւ․ որովհետև նման հարցերն այդկերպ միանգամից, արագ չեն լուծվում։ Բայց որ կլինեն սանկցիաներ, կլինի հռետորաբանության կոշտացում, որ կարող են հայտարարություն ընդունել, ԵԱՏՄ գործընկերները կհորդորեն ՀՀ իշխանություններին՝ հստակ կողմնորոշվել, հիմա դրա ականատեսն ենք լինում։ Հայաստանն էլ երբեք չի ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, եւ խնդիրը դրանում չէ, այլ՝ նրանում, որ ԵԱՏՄ առաջամարտիկ Ռուսաստանը թշնամական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, և Հայաստանը գոնե ֆորմալ առումով ՌԴ-ի դաշնակիցն է։ Այդ իմաստով շատ հստակ հարց են դնում` եթե ԵԱՏՄ-ում եք, բայց օրենք եք ընդունում ԵՄ գնալու համար, նորմալ չէ, պետք է կողմնորոշվեք»։
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պատասխանի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, այլ՝ գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ։ «Որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ, կենցաղային ձեւով բացատրեմ՝ ոնց որ Վարդուշը Պետրոսի հետ պսակված լինի, բայց աչք ունենա Պողոսի վրա, ասի` քանի դեռ Պողոսն ինձ առաջարկություն չի արել, Պետրոս ջան, քո հետ կապրեմ, բայց հենց առաջարկություն անի, փասափուսես կհավաքեմ, կգնամ Պողոսենց տուն։ Պետրոսն էլ ասում է՝ եթե գլխանց աչքդ Պողոսի վրա է, ուրեմն ստեղ անելիք չունես։ Բայց մյուս կողմից էլ Փաշինյանի թիմը մեկ տարուց ավել է՝ ԵՄ-ին անդամակցության հայտի վերաբերյալ խորհրդարանում նախագիծ է ընդունել, այդ ինչո՞ւ նոր հիշեցին, թե՞ հույսեր էին փայփայում Փաշինյանի հետ, կամ ԵԱՏՄ անդամ պետություն Ղազախստանը չէ՞ր Փաշինյանին բարձրագույն պետական պարգեւ շքանշանի արժանացնում։ Ես մի բան կարող եմ ասել, որ համամիտ եմ Սամվել Կարապետյանի հետ, որ այս սանկցիաները պետք չէ կիրառել, որովհետեւ բորշչը սարքել է Նիկոլը, ջառմեն քաշում է ժողովուրդը։ Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը եւ ընդգծեց, որ դեմ են Փաշինյանի արտաքին քաղաքականությանը: Նա հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ»-ը միակ խմբակցությունն է, որ դեմ քվեարկեց ԵՄ-ին անդամակցության հայտնի նախագծին՝ հաշվի առնելով նման զարգացումները»։


