▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը և Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են, հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաև պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։

Հակոբյանը նշել է, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության և վիրավորանքի։

«Ես պահանջում եմ հերքում և 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության և 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնել է պատգամավորը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութին։

Աննա Հակոբյանը և Հրաչյա Հակոբյանը զրպարտություն են համարում Մինասյանի հետևյալ հայտարարությունը. «Հետևաբար Սիփան Փաշինյանը, երբ որ սկսում է այդ սաղ կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, ով որոշում է, թե ով և ինչ կարող է անել մաքսային տեսչությունում, որովհետև այնտեղ ինքը ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «նակոլկա Շուշո» մականունով, և ուրեմն դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է և կանաչ լույսերը վառվում են և կարանտինի պայմաններում, մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից, հասկանում եք չէ, որ դա անհնարին է, մինչև ամենաբարձր մակարդակի օքեյները»։

Իսկ Աննա Հակոբյանը վիրավորանք է համարում Միքայել Մինասյանի կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը. «Դրանք միջազգային ցանցի Փաշինյանների մաֆիոզական ընտանիքի բիզնեսն է»։

Աղբյուրը՝  armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին