Բարեկամներ, մոռացեք այսօրվա խավարն ու մութը: Մոռացեք կեղծ «մարդասպանների» մութ դեմքերը: Մի լսեք հայտնի գործչի քաղաքական թոթովանքները և անհասկանալի մոտիվները:: Մոռացեք նյութի շղթաները, որով կապվում են նույնիսկ ազատատենչ ձեռքերը: Մի պահ թողեք գավառական շուկան ու նրա տերերին: Մի օր այս ամենը չի լինելու: Կորչելու են: Եվ ձեր սիրտը առեք ձեր ափերի մեջ ու տաքացրեք նրան և ասեք՝ ՄԻ ՏԽՐԻՐ, ՄԵՆՔ ԱԶԱՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ... Ձեր սիրտը տաքացնելու համար մի համեստ անթեղ կրակ եմ բերում՝ էն բարձր լեռներից...
ԳԵՂՋԿՈՒՀԻՆ
Մատները կոշտ, գեղջկական
Խոր քնքշանքով օծվեցին,
Թաշկինակին սպիտակ
Նուրբ ծաղիկներ գործեցին:
Եվ միամիտ հավատով`
Գորովալից ու բարի,
Ծածկեց նա իր շուշփայով
Բեկորը հին խաչքարի:
Վանքի սառը գավիթում
Կարմիր–կապույտ ծաղիկներ
Խոնարհ լույս են առկայծում
Եվ ապրում են այնտեղ դեռ:
Իսկ գեղջկուհին գնաց տուն,
Ուր մանուկներ կան բազում
Եվ իր աստծուց ոչ պարգև,
Ոչ շնորհ է սպասում:
Ինքն է անդուլ պահապան
Իր օջախին և հողին,
Մեր բարբառին սրբազան
Եվ հանճարի բեկորին:
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
15.4.1982
Անթեղ կրակ` Ձեր սիրտը տաքացնելու համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet