Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ, ինչպես նաև 24 և 26 տարեկան երկու աղջիկ։
36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին է հայտնաբերվել։
26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվել է նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։
Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։
Քրեական հետախույզները նաև պարզել են, թե ումից է նա վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդը ևս կալանավորվել է։


