▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրեք, ոնց ուզում եք և ձեր հարցերը լուծեք Պուտինի ու Սերգեյ Լավրովի հետ. Ժիրինովսկին նեղացել է հայերից

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներին և ասել, որ ինքը, որպես արևելագետ, կանխատեսում է արել, որը ոչ մի կերպ կապված չէ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:

Ժիրինովսկին կարծում է, որ ինքն ու իր կուսակցությունը քիչ բան չեն արել Հայաստանի համար վերջին 25 տարում: Նա նաև ասել է, որ չի արձագանքի Հայաստանի վերաբերյալ իր արտահայտությունների համար՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի` ներողություն խնդրելու կոչերին:Ավելին, նա ասել է՝ Մենք հաճույքով կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին...

Հեռախոսային հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Հեռախոսային հարցազրույցի սղագրությունը՝ ստորև, ըստ 168,am

Լրագրողը խնդրել է վերջինիս՝ մեկնաբանել Օլեգ Եսայանի կոչը, որը պահանջում էր Ժիրինովսկուց ներողություն խնդրել:

«Մենք հաճույքով կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես ողջ կյանքս պաշտպանել եմ Հայաստանին: Որտեղի՞ց է նա որոշել, որ ես վատ բան եմ ասել Հայաստանի մասին: Ինձ հարցրեցին Ոստիկանության գնդի գրավման մասին և այն մասին, թե ինչ կարող է կատարվել այդ երկրում: Ես պատասխանեցի, որ նման բան կարող է տեղի ունենալ բոլոր երկրներում` ամենուր նարնջագույն հեղափոխություններ են տեղի ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվել է, բոլորը հանձնվել են:

Ժիրինովսկին ի՞նչ կապ ունի: Ե՞ս եմ կազմակերպել այդ ապստամբությունը: 1991թ. ինձ հարցրեցին, թե ում հանձնեն Ղարաբաղը: Ես ողջ աշխարհին ասացի` Հայաստանին: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չպատասխանեց: Միայն ես»,- ասել է Ժիրինովսկին:

Լրագրողի հարցին, թե հիմա՞ էլ է նույն կերպ մտածում, նա պատասխանել է, որ «չխառնի թեմաները»:

«Տվյալ դեպքում Օլեգ Եսայանը Ղարաբաղի մասին չէր խոսում: Ես ասում էի, որ Հայաստանը փոքր երկիր է, նրա շուրջ լեռներ են, իսկ նման պայմաններում դժվար է զարգացնել տնտեսությունը: Ես նաև ասել եմ, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես ինչ-որ սո՞ւտ եմ ասել: Բոլորին է հայտնի, որ հայերի մեծ մասն ապրում է Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:

Ես ասել եմ, որ, եթե Հայաստանում չլինի ռուսական ռազմաբազա, ապա նրան կոչնչացնեն թուրքերն ու ադրբեջանցիները: Ես կանխատեսում եմ արել: Նաև կանխատեսել եմ, որ, եթե Ռուսաստանը չլինի, ապա Սիրիան կոչնչացնեն: Ես Սիրիայի դեսպանի՞ առաջ էլ պետք է ներողություն խնդրեմ:

Ես կանխատեսում եմ արել, իսկ Օլեգ Եսայանն ի վիճակի չէ կանխատեսում անել: Նա մտածում է, որ Հայաստանը շա՞տ թանկ է Ադրբեջանի կամ Թուրքիայի համար: Լրագրողն ինձ հարցրեց, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանում լինի այլ կառավարություն, և այն հրաժարվի ռուսական ռազմաբազայից: Ես կանխատեսում արեցի` Հայաստանի վերջը կգա…

Թող հզոր, մեծ, բարգավաճ Հայաստանն անձամբ խոսի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մենք չենք առարկում»,- ասել է Ժիրինովսկին:

Հարցին, թե արդյո՞ք նրա մտքերը, որոնք հնչել են հաղորդման ժամանակ, համընկնում են Կրեմլի կամ Վլադիմիր Պուտինի հետ, Ժիրինովսկին պատասխանել է, որ ինքը «ոչ Կրեմլն է, ոչ էլ Ռուսաստանի նախագահը»:

«Ես արևելագետ եմ: Ես 50 տարի եմ զբաղվում Կովկասով, Թուրքիայով, Իրանով: Եթե դուք ուժեղ և հզոր երկիր եք, ապա ձեզ անհրաժեշտ չեն ոչ մեկի ռազմական բազաներն ու ոչ ոքի օգնությունը: Եթե Հայաստանին հարկավոր չէ օգնություն, ապա Ռուսաստանը չի միջամտի:
Ես նախագահ չեմ և ՌԴ-ի ԱԳՆ ղեկավարը չեմ: Իմ դիրքորոշումը կուսակցություններից մեկի ղեկավարի դիրքորոշումն է»,- ասել է Ժիրինովսկին` հրաժարվելով պատասխանել Ղարաբաղի վերաբերյալ հարցին:

«Ես այլևս չեմ պատասխանի այդ հարցին: Այլևս մեկնաբանություններ չեմ տա Հայաստանի լրագրողներին: Բոլոր հարցերը լուծեք Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ: Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի»,- խոսքը եզրափակել է Ժիրինովսկին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին