ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Բաց նամակում, մասնավորապես, ասված է.
«Բաց նամակ Արմեն Աշոտյանին.
Հարգելի պ-ն Աշոտյան,
Կարդալով ձեր բաց նամակը եւ տեսնելով Ձեր շարունակվող, ես կասեի՝ խորացող մտահոգությունը, նկատելով այն փաստը, որ ձեր հասցեին հաճախակի ասվող արտահայտությունները, ըստ երեւույթի մշտապես հաճույք են պատճառում ձեզ, նաեւ արձանագրելով Ձեր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի մշտապես առկա՝ նույնիսկ ձեզ համար տարօրինակ վարքագիծը, երբեւիցե իրականում ընտրված չլինելու, բայց իրեն պաշտոններ եւ կոչումներ շնորհելու մոլուցքը, իրականության հետ կտրվող կապը եւ ստախոսությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ձեր երկուսի նկատմամբ Հայ ժողովրդի հազարավոր որդիների հնչեցրած միանշանակ պահանջը՝ առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել:
Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։
Հարգանքով՝ Ա. Սիմոնյան»։
ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ալեն Սիմոնյանին.
«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։
Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։
Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։
Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի եւ բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։
Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»։