Ես ցանկանում եմ թարմացնել Արցախի կոնֆլիկտի էությունը, մեր Արցախի խնդիրը տարրական մարդու իրավունքների խնդիր է, այստեղ ոչ՛ տնտեսական հարց է, ո՛չ կրոնական, ո՛չ հողային: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի կազմակերպած ասուլիսում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Մենք միշտ օրհնել ենք մեր ժողովուրդին և օրհնել ենք մեր հայրենիքի պաշտպաններին, որոնք մեր խաղաղության և անվտանգության հովանավորն են, թող այսօր էլ Աստված օրհնի և մեր ժողովուրդին, և մեր զինվորներին, բոլորին առողջ վերադարձնի կամ իրենց դիրքերը, կամ իրենց տները»,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմին, նա նշեց, որ հերթական անգամ տեսանք, թե ինչպես Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ թե ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը և ամբողջ սահմանով մեկ հրահրեց պատերազմ: «Լավ չի մտածում Իլհամ Ալիևը մեր երիտասարդների մասին, բայց նաև չի մտածում Արդբեջանի երիտասարդների մասին, իրենց հերթին նրանք էլ են կորուստ տալիս: Ես արդեն 30 տարուց ավելին է՝ ինչ ասում եմ՝ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմներ չկան, մի օր խաղաղությունը պետք է գա, Աստված տա մի օր շուտ գա այդ խաղաղությունը և ադրբեջանցիների և հայերի համար: Ուղղակի պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը, մենք աղոթող ենք այդ խաղաղության համար, մաղթում ենք այդ խաղաղությունը և՛ իրենց, և՛ մեզ, և՛ ամբողջ տարածաշրջանին, և՛ ամբողջ աշխարհին»,- հայտարարեց նա:


