▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առավել քան ծիծաղելի է, երբ Արծվիկ Մինասյանին են համարում ԴՀՈԼ ու հավասարեցնում Արտաշես Գեղամյանի հետ

Ծիծաղելի է նաև, թե ով է այդ անվանարկողն ու հանրապետության թիվ մեկ ԴՀՈԼ-ի հետ Արծվիկ Մինասյանին հավասարեցնողը: Չանդրադառնալով շատ մանրամասների, ուղղակի կուզենամ երիտասարդ մի պատգամավորի հիշեցնել, որ այն ժամանակ, երբ Դուք Աստված գիտի թե ինչ էիք անում, Արծվիկ Մինասյանը հանդես եկավ ՍԴ-ում Կուտակայինի դատալսման ժամանակ ու նաև նրա շնորհիվ /նկատի ունեմ պարոն Մինասյանի տրամաբանված ու հիմնավորված խոսքը, բերված փաստարկները և այլն/ ՍԴ-ն մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ կատարեց աննախադեպ քայլ, թեկուզ մասնակի դեմ գնալով իշխանություններին ու ստեղծելով բացառիկ նախադեպ հայաստանյան դատաիրավական պրակտիկայում:

Շատ ուրախ կլինեի, եթե պոպուլիզմից ու դեմագոգիայից այն կողմ, մեր երիտասարդը ունենար նույն ինտելեկտը ու կարողանար նույնպիսի մի արարքով էլ ցույց տար, որ միայն գեղեցիկ սանրվածքն ու բազմակի օգտագործված հալումաշ եղած արտահայտությունները չէ, որ կազմում են նրա բազան. թե չէ փայտփորին էլ ամեն տարի նույն կերպ է փչակ փորում բույն դնելու համար:

ԲՀԿ-ին հարգում եմ իր սթափ կեցվածքի, հավասարակշիռ քաղաքականության համար, հարգում եմ նաև վերջինիս առաջնորդին: Հայաստանի երրորդ Հանրապետությունը շատ բանով է պարտական երկրի թիվ մեկ գործարարին: Սակայն նաև վերջինիս կուսակցությունում եղած որոշ գործիչների «ջահելական» չհաս պահվածքը ակամա սվեր է գցում ինչպես ԲՀԿ կուսակցության, այնպես էլ պարոն Ծառուկյանի բարի անվան ու համբավի վրա:

Կարծում եմ շատ բաներից ուղղակի անտեղյակ երիտասարդ պատգամավորին պետք է հրավիրեն պարոն Ծառուկյանի մոտ ու համապատասխան աշխատանքներ տանեն, բացատրեն ու հասկացնեն, որ այս իրավիճակում համահայկական լայն հասարակական կոնսոլիդացիայի հասնելն անհնար է, նույնիսկ պարոն Օսկանյանի նման փորձառու քաղաքական գործչի ու դիվանագետի մասնակցությամբ, եթե նույն ընդդիմադիր դաշտի առաջատար քաղաքական ուժի մեկ այլ ներևկայացուցիչ ուղղակի ջահելական կեցվածքով վիրավորում է Սփյուռքում միանշանակ մոնոպոլ դիրք ունեցող հարյուրամյա դասական կուսակցության ղեկավարներից մեկին: Հուսանք պատմությունից այնքան տեղյակ են, որ գիտեն ինչ ասել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն /ՀՅԴ/:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանի լավագագույն կուսակցական ղեկավարներից Դրոն, օրինակ, հանուն Հայ Ժողովրդի մի քանի մահափորձեր է կատարել ցարական բարձրաստիճան չինովնիկների վրա, ասենք նահանգապետ Նակաշիձեն, և այլք. իսկ հարգարժան երիտասարդ պատգամավորը բացի սեփական կուսակցության առաջնորդի անվան հետ ջահելավարի պահվածքով խաղալուց, ինչ հպարտանալու փաստեր կպատմի. Ծառուկյան ընտանիքի ու պարոն Ծառուկյանի հիրավի իշխանական նվիրատվություններն ու բարեգործությունները չհաշված. գուցե միայն ասի, թե ինչպես է լայն հասարակական կոնսոլիդացված ճակատ կազմում միայն դե յուրե գոյություն ունեցող ՀԿ-ների ներգրավելով ... Նույնիսկ իր սերնդակից նույն կուսակցությանը պատկանող գործիչների հետ համեմատելիս լրջությամբ բռնում է վերջին տեղը. չտեսանք, որ պարոնայք Էնֆիաջյանը կամ թեկուզ Ուրիխանյանը նման ջահելական կեցվածք հանդես բերեին:

Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին