Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։
Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ ««Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։
ՍիվիլՆեթն է գրում, նշելով, որ կայքին Արման Հարությունյանը պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։
Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։
«Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։
Արման Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր եղբոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործոնն ազդել է, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշի բաժնեմաս ձեռք բերել այն ընկերությունում, որտեղ նրա եղբայրը տնօրեն է։ Պատասխանեց, որ որևէ կերպ չի ազդել։
«Ես այս ընկերությունում սկսել եմ աշխատել այն ժամանակ, երբ այն ստեղծված է եղել, ես մի քանի ամիս հետո եմ անցել աշխատանքի ու մինչև իմ աշխատանքի ընդունվելը «Հանրային» ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներն արդեն մեկնարկած են եղել, բայց որոշ իրավական բաներով նոր է գրանցվել»,- նշեց Հարությունյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


