«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական թեւում լուրջ քննարկումներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունեության ձախողման հարցով:
Բանն այն է, որ հենց նրան էր վստահված բուհերի միավորման գործընթացն ու Ակադեմիական քաղաք ստեղծելու ծրագիրը, որը չի ստացվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը պետք է ակտիվ գործեր, քանի որ դեռ նախորդ տարվանից պետք է հաստատվեր կոնցեպտը, սակայն այդպես էլ չի կատարվել։ Դա է պատճառը, որ նրա հանդեպ դժգոհություններն ավելանում են, եւ այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին։ Բացի այս, գործընթացին ներգրավվել է նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա հստակ պատասխանի եւ ներկայացնի, թե ինչ է արվել այս ընթացքում, եւ ինչ բացթողումներ կան։
Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ գերմանական ընկերություն են հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք զբաղվեն Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքներով։ Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 30-ին նշանակվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ այդ օրվանից պետք է ակտիվ աշխատանքներ տաներ։
Այն, որ արդեն Ժաննա Անդրեասյանն է կառավարում ամեն ինչ, ապացուցում է այն փաստը, որ հուլիսի 13-ին նիստ է եղել, որի ժամանակ էլ հիմնական զեկուցողը հենց Ժաննա Անդրեասյանն է եղել»: