Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը Asekose.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ ասելով հետևյալը.

«Վստահեցնում եմ բոլորիդ, որ նախարարի կողմից ինձ նվաստացնելու կամ ճնշելու միտում չի եղել և չէր կարող լինել: Նման մեկնաբանությունները թյուրըմբռնման արդյունք են, ուստի խնդրում եմ դադարեցնել նմանօրինակ քննարկումները և կենտրոնանալ հարցի բովանդակային կողմի վրա: Ես բարձրաձայնել եմ խնդրի մասին, որը հուզում է թե՛ ծնողներին, թե՛ մեզ՝ կրթության կազմակերպիչներիս: Իմ խորին համոզմամբ, օտար լեզվի ուսուցման գործընթացը պետք է սկսել առաջին դասարանից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն մեթոդներով և դասագրքերով: Այս առումով բավականին հաջող է Վրաստանի փորձը, որի մասին էլ խոսեցի երեկ: Հուսով եմ՝ օտար լեզվի ուսուցման արդիականացմանն ուղղված գործնական քայլերի ականատես կլինենք շուտով: Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զանգերին զբաղվածության պատճառով չեմ հասցրել պատասխանել: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բազում անելիքներ ունենք, այնպես որ՝ ի գործ»:

Հավելենք, որ պարզաբանմամբ հանդես է եկել նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Նվաստացնում էին շեֆերը, գործընկերները չեն կարող նվաստացնել,-նշել է նախարարն ու ընդգծել է. «Շատ ուշադիր եղեք, այս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից, այստեղ գործընկերային հարաբերություններ են, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարեւորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը, որին Արայիկ Հարությունյանն արձագանքելն էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Տնօրենը նույնը ասել էր անգլերեն:
Կարդացեք նաև՝ Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա. Արայիկ Հարությունյանը՝ դպրոցի տնօրենի հետ միջադեպի մասին


