Ամանորին ընդառաջ «Օրրան»-ը 200 Արցախից բռնի տեղահանված երեխաների համար կազմակերպել էր մի շարք հետաքրքիր և անհրաժեշտ միջոցառումներ։
Երեխաները սպասում ու հավատում են Ամանորյա հրաշքների։
«Օրրան»-ի և «Երևան Պարկ»-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ արցախցի 100 երեխաներ անմոռանալի օր անցկացրին Երևան պարկի հեքիաթային աշխարհում։
Նրանց թվում էին նաև Արցախի կյոկուշին կարատեի ֆեդերացիայի սաները։
Երեխաները անսահման երջանիկ էին և մի պահ կտրվել էին իրականությունից, մոռացել էին կատարվածը և փայլուն աչքերով վայելում էին գեղեցիկ օր «Երևան Պարկ»-ում։
Այսօր էլ «Օրրան»-ը սեփական հարկի տակ էր հյուրընկալել իր հոգածության ներքո գտնվող 100 արցախցի երեխաների մեկ այլ խումբ, ովքեր գեղեցիկ միջոցառումից և համեղ հյուրասիրությունից հետո ստացան տաք վերարկուներ և ձմեռային կոշիկներ` Ձմեռ Պապիկից։
Երեխաներին ուրախացնելու էին եկել նաև Հայաստանում Ֆրանսիական Քոլեջի «No Name» բենդի աղջիկները, ովքեր ապահովեցին բարձր տրամադրություն։
«Օրրան»-ի մշտական գործընկերները՝ «Տաշիր Պիցցա»-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն ապահովել էին համեղ հյուրասիրությունը և զովացուցիչ ըմպելիքները։
Այս տարի նրանց էր միացել նաև «Պարոն» ռեստորանը՝ միջոցառման համար համեղ սենդվիչներ ապահովելով։ Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում նշեց, որ Արցախցիները մենակ չեն, և Արցախը իր և Օրրանի սրտում է․ «Օրրանի դռները միշտ բաց են դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար։ Արցախցի երեխաների համար սա առաջին Ամանորն է Երևանում և այս բոլորովին անսովոր ու անծանոթ միջավայրում նրանք շատ ունեն բարի մարկանց ու ջերմության կարիք։ Մենք անում ենք ամեն բան, որ երեխաները շարունակեն հավատալ Ամանորյա հրաշքին»։
Միջոցառման վերջում բոլորը միաձայն երազանք պահեցին, խաղաղություն ցանկանալով մեր հայրենիքին։