Օրրան բարեգործական կազմակերպությունը զոհ է դառնում հերթական ապօրինի կառուցապատման, որը վտանգում է հարյուրավոր երեխաների կյանքը։
««Օրրանը» դեմ չէ կառուցապատմանը. դեմ ենք շինարարությանը, որն ապօրինի է,- «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով խնդրին՝ նշել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ պարզաբանմամբ,- Ըստ շինարարական նորմերի՝ շինարարությունը Եկմալյան 1/6 հասցեում գտնվող մեր շենքից 6-10 մետր հեռավորության վրա պետք է տեղի ունենա, իսկ փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ այն տեղի է ունենում 1.6 մետր հեռավորության վրա (չի ապահովվում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները)»:
Արմինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է՝ պատկան մարմիններին ուղղված նամակները մնացել են անարձագանք:
«Ե՛վ կառավարությանն ենք դիմել, և՛ քաղաքապետարանին, և՛ վերահսկողական մարմիններին, սակայն պատասխան ստացել ենք միայն քաղաքապետարանից. քաղաքապետարանը միայն պատասխանել է՝ կառուցողին տվել են շինթույլտվություն: Հարցը շինթույլտվությունը չէ. այդ շինթույլտվությունը քաղաքապետարանը տվել է անօրինական, քանի որ թույլտվությունը տրվել է 2.5 մետր հեռավորության վրա կառուցելու համար՝ մինչդեռ առնվազն 6 մետր հեռավորություն պետք է պահվի: Բայց նույնիսկ այդ տեղը, ուր վավերացրել է քաղաքապետարանը, կառուցապատողը այդտեղից էլ է շեղվել:
Օրրանը կառուցվել է 2000 թվականին սփյուռքահայ նվիրատուների ներդրումներով և տարիների ընթացքում իր գիրկն է առել հազարավոր խոցելի ընտանիքների երեխաներին և մեծահասակներին, նրանցից ոմանք արդեն մի անգամ զոհ են գնացել «կառուցապատողներին», իսկ հիմա հե՞րթն է նրանց հավաքական տան՝ Օրրանի։