«Արցախցիները մերժել են ադրբեջանական բժշկական օգնությունը»
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախցիները մերժել են ադրբեջանական բժշկական օգնությունը։ Այս պահին Շուշիի ճանապարհին Ստեփանակերտ-Գորիս շատ դանդաղ դեպի Հայաստան են գալիս մեր հարազատները։
Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է, որ բենզալցակայանի պայթյունի հետևանքում տուժած մարդկանց օգնելու են մեկնել մի խումբ բժիշկներ։ Երեկ նրանց ուղղաթիռով անհնար է եղել տեղափոխել, սաստիկ քամի և անձրև էր։ Գիշերը լեռներով ոչ մի օդաչու (տեսնում եմ բազմաթիվ գրառումներ, դժգոհությամբ, թե ինչի գիշերը չեն թռցրել), եթե նույնիսկ կամիկաձե լիներ չէր կարող թռիչք կատարել նման եղանակային անբարենպաստ պայմաններում և 0 տեսանելիությամբ։
Հավելեմ, որ այս նկարում մեքենաները չունենալով բենզին, իրար են կապել տռոսով ու քաշում են։ Դիմացից մեծ մեքենայով են գնում, հետևից կցորդ են անում մեկ, երկու թեթև թափկով ավտո։
Աստված բոլոր ողջ մնացած արցախցիներին պահապան և ուժ Հայաստանում գտնվողներիս բոլորին սիրով ու հացով դիմավորելու համար»։
Թարմացված. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Թարմացված. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Թարմացված. Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։