Մինչ Ուկրաինայի նոր իշխանությունը պատրաստվում է կառավարություն ձևավորել՝ «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, Ուկրաինայի արդեն իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում գտնվելու վայրն անհայտ է, հանդես է եկել հայտարարությամբ, որում շարունակում է իրեն համարել երկրի նախագահ և հայտնում է, թե անձնական անվտանգության համար դիմել է Ռուսաստանին։
Ասում են՝ ռուսներն ոչ միայն բավարարել են Յանուկովիչի խնդրանքը, այլ նաև ապաստանել նրան ու պատրաստվում են ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայում՝ «լեգիտիմ» նախագահի խնդրանքով։
Կկրկնի՞ Ռուսաստանը վրացական սցենարը։
Մի շարք իրադարձություններ խոսում են դրա օգտին։
Մասնավորապես, խիստ լարված է վիճակը Ղրիմում, որտեղ բախումներ են ընթանում ռուսամետ կազմակերպությունների ու թաթարների միջև, անգամ հաղորդվում է երկու զոհի մասին։ Երեսուն զինված մարդիկ գրավել են տեղական կառավարական շենքերը՝ վեր խոյացնելով ռուսական դրոշներ։ Ակնհայտ է, որ եթե Կրեմլում գերապատվությունը տան ուկրաինական գործընթացներին միջամտելու ուժային տարբերակին, Ղրիմի ռուսախոս բնակչության «շահերն» են հանդիսանալու հիմնական առիթը(Վրաստանի պարագայում խաղարկվեց օսերի գործոնը)։ Ակնհայտ է նաև, որ ռուսական իշխանությունն ու քարոզչությունն առանձնակի հաջողությունների չհասան արևելյան նահանգներում, ասենք՝ նույն Դոնեցկում, որտեղ հասարակությանը գուցե խորթ են Մայդանի կարգախոսները, սակայն չի խրախուսվում նաև Ուկրաինայի մասնատման հեռանկարը։
Ավելին, Ուկրաինայի արևելքի խոշոր գործարարների, այդ թվում՝ երկրի թիվ մեկ օլիգարխ Ռինատ Ախմետովի բիզնեսը կողմնորոշված են արևմուտքի ուղղությամբ, ըստ այդմ՝ նրանց սրտով չէ Ուկրաինայի տրոհումն ու հարաբերությունների փչացումը ԱՄՆ–ի և Եվրամիության հետ։
Ռուսական հնարավոր ինտերվենցիայի մասին է խոսում նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի երեկվա հայտարարությունն, որում մասնավորապես ասված է. «Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրության համաձայն՝ այսօր ժամը 14:00-ին անսպասելիորեն հայտարարված տագնապի արդյունքում պատրաստության են բերվել Արևմտյան ռազմական շրջանի զորքերը, ինչպես նաև այդ տարածքում տեղակայված ռազմաբազաները, Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ զորքը, Օդատիեզերական պաշտպանության, Օդադեսանտային զորքերի, Հեռավոր և Ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարությունները»։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ստուգմանը մասնակցում են տարբեր զորքերի շուրջ 150.000 ներկայացուցիչներ։ Օգտագործվելու է 90 ինքնաթիռ, 120 ուղղաթիռ, մինչև 880 տանկ, ավելի քան 1200 միավոր տեխնիկա, մինչև 80 նավ։
Այս ամենը զուգորդվում է Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարություններով, որոնցում կարմիր թելի պես անցնում են ուկրաինական նոր իշխանության լեգիտիմությունը չճանաչելու ու Ուկրաինայում բնակվող ռուսների իրավունքները պաշտպանելու մասին պնդումները։ Էլ չեմ ասում պետական այլ պաշտոնյաների, մասնավորապես՝ Չեչնիայի նախագահի ավելի անկաշկանդ հայտարարությունների մասին։ Ըստ Ռամզան Կադիրավի՝ Ուկրաինայում «իշխանությունը գրավել են ավազակներն ու ահաբեկիչները»: Կասկած չկա, որ նմանատիպ հայտարարությունները համաձայնեցված են Կրեմլի կողմից։
Ի դեպ, Արևմուտքում փորձում են հակազդել ռուսական հնարավոր ագրեսիային։ Դրան են միտված Ուկրաինային ֆինանսապես օժանդակելու մասին Վաշինգտոնից ու Բրյուսելից հնչող հայտարարությունները։
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարներն էլ երեկ ընդունել են հայտարարություն, որի համաձայն Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է պաշտպանել Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։
Ո՞ր սցենարով կշարժվի Ռուսաստանը, արդյո՞ք հայտարարված տագնապը Կիևին ահաբեկելու հոգեբանական միջոց է, թե՞ իրական ներխուժման պատրաստություն։
Այս հարցերը հստակ պատասխան չունեն։ Միայն հավելենք, որ ռուսական հնարավոր ավանտյուրան անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, որովհետև՝ պատերազմի դեպքում, Ռուսաստանին հակադրվելու է Վրաստանին ռեսուրսներով մի քանի անգամ գերազանցող երկիր՝ միջազգային բավականին գործուն աջակցությամբ։
Արդյո՞ք Ռուսաստանը կկրկնի «վրացական» սխալը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet