▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյունքում՝ կունենանք «Որդի աթոռ Սուրբ Գորիս», «Դուստր աթոռ Սուրբ Գյումրի»

Հետաքրքիր է, թե երբ կաթողիկոսի նստավայրը Էջմիածնից տեղափոխվի Երևանում գտնված հայոց լեզվի ինստիտուտի քանդված շենքի ավերակներին կառուցված նստավայրը, ինչպե՞ս է վերափոխվելու  «Մայր աթոռ Սուրբ Էջմիածին»  բառակապակցությունը: Թե՞ Երևանն է դառնալու  «Հայր աթոռ Սուրբ Երևան», այսպիսով վերականգնելով վիրտուալ գենդարային հավասարակշռությունը /թե՞ գենդերային վիրտուալ. իրականում երկուսն էլ, թե գենդերայինը, թե հավասարակշռությունը վիտուալ են/: Ինչե՜ր չեն անի հանուն սոցիալական համաձայնության: Թերևս ողջ ընտանիքը  «վերականգնելու» համար արժի մի քանի կաթողիկոսական նստավայրեր էլ կառուցել, դիցուք, քանդելով Գյումրիի, Վանաձորի, Գորիսի /կամ՝ Կապանի, բայց Լիսկան Գորիսում է/ և Բերդի /ափսոս վտանգավոր սահմանին շատ մոտ է/՝ կաթողիկոսին դուր եկած որևէ մշակութային օջախ: Արդյունքում կունենանք նաև  «Որդի աթոռ Սուրբ Գորիս»,  «Դուստր աթոռ Սուրբ Գյումրի» և այլն: Հաջորդ կաթողիկոսներին կմնա մտածել թոռների մասին: Բայց քանի որ Հայաստանի բնակչությունն այսօր արագորեն արտագաղթում է, արտագաղթում են նաև մեր  «Սուրբ աթոռները»: Վկա՝ Մոսկվայում կառուցված նոր եկեղեցին: Այս  «աթոռային ընտանիքում» ի՞նչ հավակնություններ ունի սույն եկեղեցին: Այն տեղավորվու՞մ է Զորի Բալայանի Պուտինին գրված նամակի տրամաբանության մեջ: Ռուսաստանը Հայաստանում տիրանում է մեր վերջին տնտեսական հնարավորություններին, Հայաստանը Ռուսաստանում եկեղեցիներ է կառուցում:  «Երրորդ Հռոմի», «Բյուզանդական ուղղափառ ժառանգության» կրոնական կայսերական հավակնություններով պաշտոնական Ռուսաստանը Հայաստանում տնտեսական ու քաղաքական ճնշում է կիրառում, Հայաստանը դրան պատասխանում է իր չեղած հոգևոր վերելքի կեղծ առհավատչյայով,-տե՛ս,- այսինքն,-Ռուսաստան, մենք հավատարիմ ենք մեր նախնյաց ավանդույթներին: Իսկ ապագայի մասին դու՛ մտածի, մենք մտածելու բան չունենք:

Հրանուշ Խառատյան

Ֆեյսբուք

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին