Այն պահից, երբ ՀՀ պետական հիմնարկները բացահայտեցին PR հնարքները մի շարք փոփոխություններ տեղի ունեցան հասարակության կյանքում՝ մասնավորապես՝ մանկավարժական, բանասիրական ավարտած ուսանողները (հայերենի իմացության շնորհիվ), սոցիալական ցանցերում մինչ այդ պարապությունից գլուխ արդուկողները կարողացան աշխատանք գտնել և ժամանակի ընթացքում այնքան պահանջված դարձան իրենց ղեկավարների համար, որ վերջիններս սկսեցին առաջնորդվել հենց այդ PR-շիկ անունն իրեն վերագրած անձի խորհուրդներով՝ մոռանալով կամ չիմանալով, որ այսպես ասած PR-շիկը նույնպես բավականին լուրջ մասնագիտություն է, ինչի համար մարդիկ երկար տարիներ սովորում են, կարդում, մասնագիտանում և այսպես շարունակ:
Արդյունքում ի՞նչ ստացվեց՝ պետական որոշ մարմիններ սկսեցին մոռանալ իրենց իրական գործունեության նպատակների մասին, և հանուն լուսաբանվելու անհեթեթ քայլերի դիմել՝ հարկադիր կատարողները սկսեցին երդվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նախարարները սկսեցին տեսախցիկների առջև մարդկանց կյանքեր փրկել, վարչապետը սկսեց պարել շրջանավարտների հետ, պետական հիմնարկները սկսեցին լուսաբանել այն աշխատանքը, ինչի համար իրենք կոչված են՝ պատկերացնո՞ւմ եք բժիշկներն ամեն ժամ գրեին, որ շաքարախտով մեկին հենց նոր փրկեցի, ծննդաբերություն ընդունեցի, ականջների բորբոքման համար դեղ նշանակեցի և այսպես շարունակ...
Գոնե պետական մարմիններն էլ լուսաբանեն այն գործը, ինչի համար կոչված են, այլ ոչ թե սկսեն կիրառել օրինակ Պուտինի կամ Օբամայի նախընտրական քարոզչության PR հնարքներն այն դեպքում, երբ իրենք կոչված են ստուգումներ անցկացնելու, հարկեր հավաքելու, տուգանելու և ինքնագովազդի տարրեր բացառող գործունեության համար...
Հ.Գ. Հարգելի պետական կառույցներ և վերջիններիս ղեկավարներ, արեք այն, ինչի համար կոչված եք, հավատացեք դրանից լավ PR չի կարող լինել, իսկ եթե շատ եք ուզում անձնական PR-շիկ ունենալ, գոնե մասնագետների հետ աշխատեք: