Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ.
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ավելի քան 10-ամյա գործունեության արդյունքում ձեւակերպվել, մշակվել ու ձեւավորվել են այն հիմնարար ազգային – պետական ծրագրերը, իրավական – քաղաքական հիմքերը, պետականության մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են խնդիրը հաջողությամբ հետապնդելու եւ նրան վերջնական լուծում տալու համար:
Ստեղծվել է գործունեության իրավական – քաղաքական միասնական փաթեթը, որն առանձին գրքով հրատարակվել ու ներկայացվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանում՝ 2014 թ. 17-20-ը հոկտեմբերին, Երեւանում: Այն իր մեջ ներառում ՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը Արեւմտյան Հայաստանի մասին, Սեւրի պայմանագիրը, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, Կիլիկիայի Անկախության Հռչակագիրը, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը, Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը:
Ամբողջացվել ու ամփոփվել են գործունեության իրավական – քաղաքական հիմքերը, դրան մաս կազմող փաստաթղթերը՝ հռչակագրերը, հրամանագրերը, որոշումները, որոնցից առաջինը «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագիրն է, ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին, վերջինը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին, հրապարակված՝ 2014 թվականի օգոստոսի 10-ին:
Վերջնականապես ձեւավորվել են գործունեության մեխանիզմներն ու լծակները. Արեւմտյան Հայաստան Հանրապետության պետականության երեք կառույցները՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), Արեւմտյան Հայաստանի Նախագահական ինստիտուտը, որոնք Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացնել պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ եւ ձեւավորելու ու հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը Բնօրրան Հայրենիքում:
Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ.
Գիտենք, որ Հայ մարդն իր բնատուր կենսասիրության ու լավատեսության շնորհիվ ամեն նորի գալստյամբ, այդ թվում Նոր Տարվա, նոր դրական իրողություններ է հուսալու ու փնտրելու ապագայում, բայց դա անշուշտ չի նշանակում է, թե նրա համար նոր սպառնալիքներ չեն նախապատրաստում Հայկական Հարցի կարգավորման հակառակորդները:
Խնդիրն ավելի քան այժմեական է ու հրամայական, ինչը նշանակում է, որ հայ հասարակական – քաղաքական միտքը եւ ազգային - պետական կառույցները պարտավոր են բացահայտել դրանք եւ դիմակայության ծրագրեր պատրաստել դրանց հաջողությամբ դիմակայելու համար:
Հաջողության հասնելու լավագույն տարբերակը ինքնակազմակերպման արվեստին լիովին տիրապետելն է եւ սեփական իրավունքների պաշտպանությանն ու ինքնապաշտպանությանը մշտապես պատրաստ լինելը:
Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները:
Հաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ
02.01.2015 թ.