▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժեքային համակարգերից զուրկ հասարակությունը սպասում է փրկիչների, մեսիաների

Ակամայից մտածում եմ, որ մեր քաղաքական համակարգը խրոնիկ ճգնաժամի մեջ է. նոր գաղափարներ, իդեաներ չեն ծնվում։

Հասարակությունը, մեծ հաշվով, թքած ունի թե' իշխանության և թե ընդդիմության վրա՝ չվստահելով նրանցից որևէ մեկին։

Արժեքային համակարգերից զուրկ հասարակությունները՝ խոսքի, ծրագրի փոխարեն, սպասում են փրկիչների, մեսիաների, ովքեր պետք է «կախարդական փայտիկի» օգնությամբ լուծեն բոլորիս հարցերը։

90–ականների վերջին՝ հասարակությունը զզվել էր Երրորդ Հանրապետության առաջին իշխանությունից ու նոստալգիկ տրամադրությունները սպասում առաջացրեցին Կարեն Դեմիրճյանի խոսքի հանդեպ։ Թեև կանխատեսելի էր, որ նոր իրականության պայմաններում՝ Սերոբիչի հնարավորությունները գերագնահատվում են։ Այստեղ, իհարկե, Խորհրդային Հայաստանի ամենասիրված ղեկավարը մեղք չունի, որովհետև երբեք չեմ լսել, որ, օրինակ, նա խոստանար վերադարձնել էժան երշիկը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից հետո՝ հասարակությունը սկսեց զզվել ղարաբաղյան էլիտայից ու մեսիայի դերում պատկերացրեց Լևոն Տեր–Պետրոսյանին։ Առաջին նախագահն ևս երբեք չի ասել, որ գալիս է՝«ղարաբաղցիներին քշելու» համար, բայց նրա համար՝ այդպիսի «առաքելություն» սահմանել էին նրա թիմի մի մասն ու հասարակության բողոքական հատվածը։

Հիմա հասարակությունը հոգնած է իշխանությունից և ընդդիմությունից ու դրանցից դուրս կերպար է ընտրել՝ Գագիկ Ծառուկյանի դեմքով։ ԲՀԿ առաջնորդն երբեք չի ասել, որ նախագահի հրաժարականն է պահանջում կամ՝ ուզում է նախագահ դառնալ, բայց ամեն անգամ հասարակությունը նրանից հենց այդ խոսքերն է ուզում լսել։

Չգիտեմ՝ ում հասարակությունը «փրկիչ» կհամարի վաղը կամ մյուս օրը, բայց վստահ եմ՝ Միակ Փրկիչից դուրս որոնումները՝ դեգրադացիայի հետևանք են։

Մենք պետք է քաղաքականությունը ձերբազատենք միֆականությունից ու քաղաքական գործիչներին վստահենք՝ նրանց ծրագրերից ու գործողություններից ելնելով։

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին