ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն մարդը չէ, որին կարելի է ճնշել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե իշխող ուժը ճնշում գործադրեց նախագահի վրա, որ նա առաջադրի Սահմանադրական դատարանի իրենց նախընտրելի թեկնածուին։
«Թեկնածուներին ընտրելու կամ չընտրելու իրավունքը պատկանում է ԱԺ–ին, թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է նախագահին։ Թեկնածուներին, որ ներկայացրել է նախագահը, Աժ–ն գտել է, որ այս մեկը չէ եւ սպասել է այն թեկնածուին, որը կարող է ցանկալի լինել»,– շեշտեց նա։
Սիմոնյանը, սակայն վստահ չէ, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ցանկալի է լինելու եւ նա ընտրվելու է. «Այս վստահությունը թող որեւէ մեկի մոտ չլինի։ Լինելու է քննարկում եւ այն ամբողջը, որը տեղի է ունեցել մյուս թեկնածուների դեպքում»։
ԱԺ փոխնախագահը շեշտում է՝ Արմեն Սարգսյանը իր կողմից եւ իր գործընկերների կողմից հարգված անձնավորություն. «Նախագահի հետ կապված հեքիաթների եւ դավադրության տեսությունների հորդորում եմ չհավատալ, Արմեն Սարգսյանը այն մարդը չէ, որին կարելի է ճնշել, նա իմ կողմից եւ իմ գործընկերների կողմից հարգված անձնավորություն է, որը իր գործառույթը որպես ՀՀ նախագահ կատարում է շատ լավ»։