ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել:
Արշակ Կարապետյանը եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու՞ է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ միայն ենթադրել որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակում էլ ինձ դժվար կլինի համոզել», - ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։


