▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենյանը հոգով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը․ Զատուլին

ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, գրում է NEWS.ru-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ նշանակումը միտված է մեղմելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ Արսենյանն ավելի վաղ հակառուսական հայտարարություններ է թույլ տվել և հաճոյախոսել Թուրքիայի հասցեին։

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով հետ էր կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով որևէ մեկնաբանություն չէր տվել՝ վկայակոչելով դիվանագիտական էթիկան:

«Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը»,- ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ էին բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։ «Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։

***

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարություն է տարածել. «Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը:
Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար:
1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում:
Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը:
Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար:
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը Ձեզ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին