Արթուր Դանիելյանին հենց հիմա տանում են Էրեբունի ԲԿ: Կենտրոնի ոստիկանությունում որոշել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն:
Այս մասին գրել է BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արթուր Դանիելյանին ձերբակալել են։
Նշենք, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպից հետո։
ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանն ասել է, որ նշված միջադեպով ահազանգ ստացվել է ոստիկանություն Ալեն Սիմոնյանից։ «Ոստիկանությունն այս պահին անհրաժեշտ գործողություններ է իրականացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ հրապարակման ենթակա տեղեկատվությունն այսքանն է։
Նշենք, որ միջադեպի հետ կապված ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և պատահարի մասին հայտնել ոստիկանապետ Արման Սարգսյանին։ Իսկ «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում Դանիելյանից նկար էր հրապարակել՝ գրելով, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։
Կարդացեք նաև՝ Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնում