▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արվեստը պետք է մարդու հոգուց բխի». Անահիտ Մանասյան

Անահիտ Մանասյանին շատերը կհիշեն 2008 թվականին կայացած «ՍուպերՍթար»-ի երրորդ եթերաշրջանից, երբ երգչուհին գրավեց երկրորդ պատվավոր տեղը: ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Անահիտի հետ և պարզել, թե ինչպես ստեղծվեց իր հայտնի բենդը և առաջիկայում ինչ ծրագրեր ու անելիքներ ունի:

-Առաջին անգամ հանդես եկաք «Հայ սուպերսթար»  նախագծում. ի՞նչ տվեց դա Ձեզ և որքանո՞վ օգնեց ճանաչում ձեռք բերելուն:

 

-Թերեւս այդ նախագծից իմ քաղած առավելագույնը հեռուստաեթերում հայտնվելն ու  ճանաչվածություն ձեռք բերելն էր:

 -Հայտնի բենդ ստեղծելու գաղափարը ե՞րբ և ո՞ւմ կողմից ծնվեց, ովքե՞ր են երաժիշտները և ո՞րն է բենդի գլխավոր նպատակը:

-Առաջին անգամ բենդը ստեղծվել է 2 տարի առաջ ամուսնուս` Ալեքս Ենոքյանի կողմից: Դրանից հետո, հիմնականում խիստ զբաղվածության պատճառով, այն դադարեցրեց իր գործունեությունը, սակայն այս տարի մեր բենդը կրկին միավորվեց եւ մենք շարունակում ենք հանդես գալ երևանյան լավագույն ակումբներում: Երաժիշտները մեր ընկերներն են, օրինակ մեր դաշնակահար Վահե Մարտիրոսյանը`ով  դեռ 2 տարի առաջ մեզ հետ էր նվագում, ինչպես նաեւ մեր վաղեմի ընկեր` արդեն հայտնի երգիչ-կիթառահար Նարեկ Գևորգյանը: Ամուսինս ևս բենդի մի մասն է, նվագում է սոլո-կիթառ: Բենդի հիմնական նպատակն է զբաղվել նրանով, ինչը սիրում եմ և առանց ինչի իմ կյանքը չեմ պատկերացնում, այսինքն երգն ու երաժշտությունը, իսկ թե հետագայում ինչի սա կբերի, կյանքը ցույց կտա:

-Ի՞նչ ոճում եք հանդես գալիս:

-Ի սկզբանե ինձ հոգեհարազատ է եղել գոսպլ եւ սոուլ ժանրերը, սակայն հետագայում սիրեցի եւ սկսեցի ակտիվորեն հանդես գալ նաև ռոք ժանրում, վերջերս նաեւ բլյուզում:

 -Ինչպե՞ս ընտրեցիք երգչուհու  մասնագիտությունը:

-Երբ  ես  7 տարեկան էի, ծնողներս որոշեցին ինձ տանել  «Ակունք» երգարվեստի ստուդիա, որտեղ էլ իմ առաջին երգի ուսուցիչ Աշոտ Առուստամյանի գլխավորությամբ սկսեցի երգել: Մինչ այդ էլ ծնողներս, հատկապես հայրս, իմ մեջ նկատում էին երգելու հանդեպ իմ ունեցած անսահման սերը, սակայն միայն այդ տարիքում նրանք որոշեցին առաջին քայլերը ձեռնարկել:

 -Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Եթե խոսենք երգի մասին, ապա այն միանշանակ երաժշտությունն է և հանդիսատեսը: Հատկապես, միշտ ոգևորվում եմ, երբ երգի միջոցով կարողանում եմ լսարանին փոխանցել դրական հույզեր, իսկ երգն ավարտելուց  հետո լսել անկեղծ ծափահարություններ: Այդպիսի պահերին ինձ լիարժեք երջանիկ եմ զգում եւ ներշնչվելով դրանից սկսում եմ ավելի քրտնաջան աշխատել: Եվ իհարկե ինձ համար միշտ շատ կարևոր է եղել հայրիկիս կարծիքը, եթե անգամ բոլորը հավանեն կատարումս, իսկ հայրիկս ոչ, ապա կտխրեմ, սակայն երբ հայրիկս իր հավանությունն է տալիս այս կամ այն ելույթիս, դա ևս դառնում է լուրջ ոգեշնչման աղբյուր:

 -Ի՞նչ սկզբունքներով եք կյանքում առաջնորդվում:

-Լինել ազնիվ եւ անկեղծ:

 -Ժուլիեն Գրյուն ասել է.«Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը, արվեստը սիրելը՝ յուրաքանչյուր մարդ»: Ի՞նչ է Ձեզ համար արվեստը:

-Արվեստն ինձ համար այն է, ինչը չես կարող գնել: Այն պետք է մարդու հոգուց գա:

 -Հայ մեծ երգահաններից ովքե՞ր են Ձեզ համար օրինակ ծառայում:

-Ըստ իս, մենք չունենք նոր սերնդի մեծ երգահաններ: Միշտ նախապատվությունս տվել եմ մեր իսկապես մեծ երգահաններին, այնպիսիք, ինչպիսին են օրինակ Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Հախվերդյանը եւ Արամ Սաթյանը, ում «Քո Շնչով» երգը միշտ մեծ հաճույքով եմ կատարում:

 -Իսկ համաշխարհային երգարվեստից ո՞ւմ երգերն են Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Այստեղ ևս նախապատվությունս տալիս եմ 20-րդ դարի հանճարներին: Շատ եմ սիրում Էտտա Ջեյմսին, Ռեյ Չառլզին, Բի Բի Քինգին, Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուոնդերին, Թինա Թյորներին, Ջեյմս Ինգրեմին եւ այլն: Իսկ ժամանակակից աստղերից լսում և կատարում եմ Բիյոնսեյի, Եվանեսենս ռոք խմբի եւ Քրիստինա Ագիլերայի երգերը, ինչպես նաև վերջերս ինձ համար բացահայտած Գրեյս Պոտտերի և Ժոզ Սթոունի: Թեև  այսպես ասած ամուսնուս խելքին ընկնելով` սկսեցի լսել նաև Երիկ Քլեպտոն եւ Գարի Մուր:

 -Չե՞ք պատրաստվում թողարկել այնքան սպասված Ձեր  առաջին  ձայնասկավառակը:

-Առայժմ միայն մեկ հեղինակային երգ ունեմ ձայնագրած` «My World»-ը, որի հեղինակը ամուսինս է`Ալիկը, սակայն նա գրել է նաև բազմաթիվ այլ երգեր, որոնք սակայն դեռ չենք գործիքավորել: Ինչ վերաբերում է ձայնասկավառակին, ապա դրա թողարկումն ինձ համար ինքնանպատակ չէ, քանզի մինչ այդ դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն:

 -Ի՞նչ նոր ծրագրեր,նախագծեր  կան առաջիկայում, ի՞նչ սպասենք Անահիտ Մանասյանից:

 -Համերգներ, համերգներ  և  կրկին համերգներ: Մեծ հաճույքով բոլորին հրավիրում եմ համերգներիս, որպեսզի միասին ուրախ ժամանակ անցկացնենք:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսներին ու երկրպագուներին:

-Մաղթում եմ ժպիտ բոլորիս դեմքերին, դրական, եւ իհարկե անսահման սեր եւ երջանկություն: Թող որ որակյալ երաժշտությունը միացնի մեզ բոլորիս և օգնի միասին հաղթահարել այս կյանքի բոլոր բարդությունները: Սիրում եմ բոլորիդ:

 

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին