▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ «սահման չկա», սակայն զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլաթուրքական անվտանգության ծառայության (նախկին ԱԱԾ) հաղորդագրությունից իմանում ենք, որ ՀՀ ժամկետային զինծառայողի նկատմամբ քրգործ են հարուցել ադրբեջանցի սահմանապահի վրա կրակելու և նրան վիրավորելու մեղադրանքով։
Ընդ որում մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար։
Եւ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»։

***

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:

Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:

Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։

***

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի հաղորդագրությանը՝ Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Իսկ ո՞վ է ասել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արդյո՞ք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում, որի հետևանքով պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը»,-ասաց պատգամավորը՝ փաստելով, որ պաշտոնական նման հաղորդագրությունները վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի և մյուս այն ստորաբաժանումների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին