|
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Միլիոններ են ծախսվել։
Արդյունքը որտե՞ղ է։
Երևանյան լճի տարածքի «բարեկարգման» կանաչապատման արդյունքը նկարներում է։ Կիլոմետրերով բաց տարածք, կիզիչ արևի տակ շիկացող ճեմուղի, նստարաններ՝ առանց ստվերի հեռանկարի և հարյուր հազարավոր դրամների տնկված օտարածին ծառեր, որոնց մի մասն արդեն ակնհայտ խեղճացած են և կիսաչոր։ Միայն սակավաթիվ թփերն էին նորմալ…
Այս նորատունկերը՝ տեսակային ընտրությունից մինչև տնկման վայրն ու հետագա խնամքը՝ միայն հարցեր են առաջացնում։ Հատկապես ցավալի է տեսնել արևից բառացիորեն այրված ձիակասկերն ու կարմիր թխկիները.. Երևանի շոգ ու չոր պայմաններում սթրեսի մեջ գտնվող այս ծառերից ի՞նչ է ակնկալվում։ Ախր արդյունքը ոչ թե ձեր ցանկությամբ է ստացվելու, այլ գիտությամբ, որից կիլոմետրներով հեռու են կիրառված մոտեցումները։
Ցավոք, խնդիրը միայն ծառերի վիճակը չէ՝ այստեղ ստվերի հեռանկար էլ չկա։ Նույնիսկ եթե բույսերը պահպանվեն և զարգանան, այդ նեղ սաղարթով տնկիները չեն ստեղծելու այն լայն, շարունակական ծառածածկը, որն անհրաժեշտ է այսպիսի բաց, արևով լի տարածքում։
Ու հետո նայում եմ մեր հին ծառերին, որ պահպանվել են։ Մի քանի թեղիներն այսօր ավելի շատ ստվեր, զովություն և էկոհամակարգային ծառայություն են տալիս, քան այս ամբողջ թանկարժեք նոր տնկարկը տարիներ անց։
Ուրեմն հարցս շատ պարզ է։
Որքա՞ն գումար է ծախսվել այս կանաչապատման վրա և ի՞նչ արդյունքի համար։ Ծառ տնկելը դեռ կանաչապատում չէ։ Քաղաքում ծառը պետք է աշխատի՝ ստվեր տա, նվազեցնի ջերմային բեռնվածությունը, ձևավորի միկրոկլիմա և մարդու համար հարմար միջավայր։
Եթե միլիոններ են ծախսվել, իսկ արդյունքում ունենք այրված, կլիմային անհարմար տնկիներ և արևի տակ ստվերազուրկ ճեմուղի՝ սա արդեն միայն մասնագիտական սխալ չէ, այլ նաև հանրային միջոցների անարդյունավետ օգտագործման վառ օրինակ։ Եվ մինչև ե՞րբ է այս «աննախադեպ» ծառատունկը թոզ փչելու և ռեսուրս ծախսի…
Նշեմ, որ տարածքում կիզիչ արևի տակ բանվորներն իրենց գործն էին անում, միայն ափսոսում եմ, որ մարդկանց ամենօրյա չարչարանքը համարժեք արդյունք չի տալու։ Իսկ մեր կլիմային հարմար և ճիշտ ձևավորված տնկիներով կարճ ժամանակ անց լրիվ այլ արդյունք կստանայինք։
Պարոնա՜յք, ի՞նչ սակուրայի ցախավելներ Երևանյան լճում…
Մարդ էլ իր սեփականը այսքան թերագնահատի և միլիարդներ նվիրի օտար երկրների տնկարաններին…»:
|