▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՍՔ ԹԱԼԻԲՆԵՐԻ և համատիեզերական դավադրության մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը երեկ հերքել է նախորդ օրը «Հայկական ժամանակ»-ի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ: «...Այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Թերթը ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ ուտ տեղեկատվություն հրապարակելը, որ միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն»: Պարոն Բաղրամյանի հայտարարության այն մասը, որը վերաբերում է «ՀԺ»-ի սպասումն ապահովելու դավադիր նպատակներին, թերթը թողնում է առանց մեկնաբանության, միայն նշում, որ նրա պատասխանը թերթում ներկայացված է առանց խեղաթյուրման, տառացի ճշգրտությամբ և առկա է ձայնագրությունը: 

«Անդրադառնանք այն հատվածին, որ գրոհայինների ներթափանցման մասին մեր հրապարակած լուրը «հիմնովին սուտ»: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը գտնվում է ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնի հարևանությամբ: Այն, ինչ կատարվում է այդ բաժնում արդեն 6-րդ օրն անընդմեջ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ որակել որպես նորմալ աշխատանքային իրավիճակ: Մանավանդ երեկոյան ժամերին` ոստիկանության բաժինը և հարակից շենքերը վերածվում են պաշարված ամրոց հիշեցնող մի տարածքի, որտեղ կարելի է տեսնել ավտոմատավորների, հատուկ վարժեցված շներով կինոլոգների և այլն (անցած շաբաթ օրը այդպիսի մի քանի շուն կապված էին մեր խմբագրության լուսամուտների ճաղերից): 
Հենց այդ իրավիճակը ստիպեց մեզ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում: Սկզբում պատասխանում էին, թե ինչ-որ «վարժանքներ», «կանխարգելիչ միջոցառումներ են» իրականացվում: Թե ինչն են կանխարգելում, մի քանի ժամ մնաց անհայտ: Շուտով իրավապահ մարմիններից տարբեր աղբյուրներ մեզ հայտնեցին, որ իրենք ունեն տեղեկություններ այն մասին, թե Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ, և ահաբեկչության վտանգ կա: Նշվում է նույնիսկ, որ ահաբեկիչների խումբը բաղկացած է նվազագույնը երեք, առավելագույնը` հինգ հոգուց:
Մեր հրապարակած տեղեկատվությունը «հիմնովին սուտ» որակողները գուցե բացատրեն, թե ինչու են մայրաքաղաքի տարբեր կառույցներ, ամեն օր կամ օրումեջ, ավտոմատներով զինված անձինք վարժեցված շների օգնությամբ ստուգում: Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Ջոս» ժամանցի համալիրի մենեջեր Միլենան երեկ մեր թղթակցին պատմեց, որ իրենց մոտ արդեն երկու ստուգում ք իրականացվել: «Մենք նրանց չէինք դիմել, նրանք ուղղակի եկան ու սկսեցին ստուգել: Երկու օր իրար հետևից եկել են, նկուղային հարկում ստուգումներ են արել: Մենք էլ էինք զարմացել: Այստեղ բազմաթիվ հաճախորդներ կային: Նրանք եկան, ստուգեցին, բարեբախտաբար ոչինչ չգտան, ներողություն խնդրեցին ու գնացին»: Միլենան պատմեց նաև, որ ոստիկաններն այդ ստուգումները բացատրել են նրանով, որ ահազանգ են ստացել, թե մոտակայքում ինչ-որ տեղ ռումբ կա տեղադրված: Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» կարաոկե ակումբի անվտանգության աշխատակից Արմենը մեր թղթակցին ասաց, որ իրենց մոտ ստուգումներ են իրականացվել վերջին չորս օրերին էլ. «Գալիս են, հաճախորդներին դուրս ենք հրավիրում, իրանք շներով ամեն ինչ ստուգում են ու գնում»,- ասաց Արմենը և նշեց, որ ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի բոլոր ակումբներում: Արմենը ասաց նաև, որ ստուգումների պատճառը որևէ կերպ չի բացատրվում, սակայն իր համար տրամաբանական է, որ ստուգումները կապված են ահաբեկչության վտանգի հետ: «Դե, ես գիտեմ, որ էս ստուգումները գաղտնի հրամանով են արվում»,- ասաց Արմենը: 
Կարծում ենք, այսքանից հետո պարզ է դառնում, որ վարժանքների շրջանակներում հնարավոր չէ տեղավորել նույն սրճարանն ամեն օր պայթուցիկ գտնելու համար հատուկ վարժեցված շներով ստուգելը: Նշենք, որ որոշ «գլոբալ վերլուծաբաններ» մեր` ահաբեկիչների ներթափանցման մասին լուրը «վարպետորեն» տեղավորել էին Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունների շրջանակներում: Ըստ այդ «վերլուծությունների», մեր հրապարակումը պրոամերիկյան և հակառուսական, համատիեզերական սուպերկենտրոնների մշակած մեծ դավադրություն էր: Այս կարգի վերլուծությունները նույնպես կթողնենք առանց մեկնաբանությունների:

Հ.Գ. Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իրավապահների այս գործողությունները մենք բացասական ենք գնահատում, հատուկ շեշտենք, որ դրանք լիովին ընդունելի են և նույնիսկ ողջունելի: Մանավանդ որ` մինչ այժմ ստուգված օբյեկտներից և ոչ մեկից չենք ստացել իրավապահների կոպիտ վերաբերմունքի մասին ահազանգ»,- գրում է «ՀԺ»-ն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին