▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստծո արդարադատությունն ամենասարսափելին կլինի...

Տարիներ առաջ, երբ ուսանող էի, առիթ ունեցա թարգմանելու ռուս նախանցյալ դարի փիլիսոփաներից մեկի աշխատություններից մեկի մի գլուխը, որտեղ խոսվում է համաշխարհային չարի մասին: Չարն ինքնին գոյություն չունի, այն նախագո սուբստանցիա չէ, այլ բարու բացակայությունն է, ինչպես խավարն ինքնին չկա, այլ լույսի բացակայությունն է: Չարը իրոք չունի ազգություն, կրոն, դեմք, սեռ, ռասսա և այլ հատկորոշիչներ: Կյանքի հարափոփոխ ընթացքի մեջ այն պահին, երբ մեզանից յուրաքանչյուրիս մոտ բարին նահանջում է, այդ նահանջած դատարկությունն է, որ դառնում է չար ու դրդում մեզ ամենատարբեր բացասական քայլերի, ներառյալ նաև սպանություն և ինքնասպանություն: 
Ինձ համար կոնկրետ, զուտ մարդկային առումով, ռուս դասալիք ու մարդասպան Պերմյակովն արդեն մահացած է, որովհետև մահվան մի քանի տեսակներ կան` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ու առավել ևս, որն ավելի սարսափելի է` հոգևոր: Պերմյակովն հիմա շնչում է, քայլում է, խոսում է, ուտում է, քնում է, արթնանում է. ֆիզիկական իմաստով նա ապրում է, սակայն հոգեպես նա արդեն մահացած է, դիակ է, նա ավելի ցածր է այժմ, քան անբան անասունը, իսկ ի հոգևորս, նա այն պահից, երբ մտքում իսկ սպանության գաղափարն անցկացրեց, զրկվեց Աստծո շնորհից, զրկվեց աստվածապատկեր մարդ լինելու պատվից ու հավասարվեց դիվական աշխարհին, իրեն դրեց սատանայի իշխանության ներքո: Երկրային կյանքից բացի, նա արդեն իսկ իրեն դատապարտեց հավիտենականության համար նաև` իրեն չպատկանողը, ավելին Աստծուն պատկանողը խլելով. կյանքը տալիս է Աստված ու վերցնում է Աստված. Պերմյակովի կռիվը Աստծո հետ է ու անկախ թե մարդն ինչպես կդատապարտի, ինչ արդարադատություն կիրականացնի, Աստծո արդարադատությունն ամենասարսափելին կլինի: 
Սովորաբար քրիստոնյաներս մեղավորների համար աղոթում ենք, որ Աստված ոչ թե Իր արդարությամբ դատի, այլ ողորմության ների. սա այն եզակի դեպքերից է, որ պետք է իրոք աղոթել, որ իր արդարությամբ դատի, ինչպես ժամանակին քրիստոնեական հանդուրժողականության այտին ապտակելու հարցի մասին խոսելիս մեր մեծ բանաստեղծ մեր Վարպետն ասաց` "Երբ Հիսուս այտին ապտակելու դեպքում մյուսին ապտակելը ևս թույլ տալու մասին խոսում էր, թուրքն այդ ժամանակ դեռ չկար":

 

Արման Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին