Այսօր աշխարհն առավել քան երբևէ, գոնե վերջին տասնամյակների կտրվածքով, կանգնած է ինքնաոչնչացման եզրին ու րոպե առ րոպե մոտենում է համատարած ու համընդհանուր քաոսի անդունդին: Կկարողանան արդյոք աշխարհի "մեծեր"-ը ցուցաբերել անհրաժեշտ զսպվածությունը, հավասարակշռությունն ու ողջամտությունը ու մեր քաղաքակրթության կենսագրության վերջակետը հեռացնել, դժվար է ասել: Հրամահայականներ ու մարտահրավերներ. որոնք ցավոք այլևս մեր ու գալիք սերունդների զբաղվելիքն է արդեն ոչ թե ազատությունների նվաճմանն են առնչվում, այլ այդ ազատությունների "ավելցուկ"-ի կրճատմանը, մի կողմից ողջամտության ու ազատության, իսկ մյուս կողմից ամենաթողության ու սանձարձակության գրեթե անտեսանելի սահմանի վերագտնմանն ու վերականգնմանը, տարրական տակտի թմրած զգացողության արթնացմանը, կարելիի ու չի կարելիի վերարժևորմանը, համահարթեցումից դեպի բազմաստիճանայնության հետընթաց քայլին, որն այս անգամ արդեն կարող է փրկարար առաջընթաց լինել:
Մարդկային քաղաքակրթության Արևմտյան հատվածը, սկսած այն պահից, երբ Փարիզում հնչեց ազատարար Մարսելիեզը, գնաց մի ճանապարհով, որի գագաթնակետն այսօր չարաբաստիկորեն պսակվեց նույն Փարիզում ահաբեկչությամբ ու անմեղ զոհերով. զարմանալի է, սակայն ազատություն, հավասարություն եղբայրություն ու ժողովրդավարություն քարոզող Փարիզը սեփական ազատության ավելցուկից այսօր տառապում է, ինչպես երբևէ:
Դժվար, շատ դժվար հարց է հիմա կանգնած աշխարհի առաջ' ոչ միայն քաղաքակն ու պետական ղեկավարների, այլ նաև կրոնական առաջնորդների, կրոնավորների, աստվածաբանների, պատմաբանների, թիլիսոփաների, մշակութաբանների բոլոր նրանց, ովքեր աշխարհի ինտելեկտուալ սերուցքն են հանդիսանում ու ովքեր նաևԱրևմտյան արժեհամակարգի մոդելով համահարթեցված արժեհամակարգի ակունքներում են նույնիսկ կանգնած: Պատմությունն ինքն է այսօր փաստում, որ գլոբալ աշխարհ պատկերացնելն անհնարին լինելուց բացի նախ և առաջ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ է, որովհետև հիմարություն է մարդաբանական, մշակութային, լեզվամտածողական, կրոնական, արժեքային, բարոյական. ազգային ու այլ տարբերակիչներով տարբեր զարգացվածության ու համոզմունքների տեր մարդկային խմբերին բերել ու նույն մակարդակի վրա համահարթեցնելով կանգնեցնել օրինակ վերցնելով մի մոդել, որը նույնիսկ իր բնօրրանում կարող է տարակույսների առիթ տալ:
Միաժամանակ նաև քաղաքականությունը, պետությունը, տնտեսությունն ու ֆինանսները, ի վերջո մարդածին երևույթներ են ու երբ արդեն խնդիրը շոշափում է մարդու կյանքի ու էության կրոնական ոլորտը, որն արդեն մարդ-Աստված հարաբերությունների մոդելն է հանդիսանում, /անկախ այն հանգամանքից, թե այդ Աստծուն մենք անվանում ենք Արարիչ Բուդդա, Յահվե, Ադոնայ,Ալլահ կամ այլ անվամբ/ դրանք կարող են ուղղակի հօդս ցնդել ու առ ոչինչ նկատվել, որովհետև մարդը նախ և առաջ կրոնական էակ է, ուզենք կամ չուզենք: Ու նաև պարզ դարձավ, որ ազատության առաջին սահմանն այնտեղ է, որտեղ սկսվում է կյանքի էության, իրականության, կուզեք գոյաբանության Աստվածային ոլորտը: