▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. երկաթե շղթան պտտելով՝ հարձակվել է աշխատակցուհիների վրա

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով` 2020թ. հունվարի 29-ին, Երեւան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին ժամը 14:05-ի սահմաններում, հանրախանութի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, հանրախանութ է մտել անհայտ անձը եւ իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով հարձակվել է դրամարկղի աշխատակցուհիների վրա, ապա նույն շղթայի գործադրմամբ` վերոնշյալ աշխատակցուհու կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելովհարվածել է նրա գլխին, պահանջել գումար, ինչից հետո փորձել է խանութի դրամարկղից գումար հափշտակել:

Սակայն նույն հանրախանութի 31-ամյա մենեջերը, տեսնելով հանցավոր գործողությունները, վնասազերծել է հարձակում գործած տղամարդուն, ով բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելիս, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են  խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա շղթան:

Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին: Վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել՝  հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով եւ տվել խոստովանական ցուցմունք:

Վերոնշյալ հանրախանութում գործունեություն ծավալող իրավաբանական անձը  եւ նրա հսկիչ-գանձապահը  ճանաչվել են  տուժողներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին