▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաջանյանը կրկին անդրադարձել է Փաշինյանի և Գերմանիա մեկնած պատվիրակության կեցության ծախսերին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության կեցության ծախսերին:

«Ի լրումն երեկվա գրառմանս.

Պարզվում է, որ հերքման տեքստն ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս, հղում կատարելով վարչապետի համապատասխան որոշմանը (կցվում է), գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը՝ պնդելով, որ պատվիրակության կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրը նրանում է, որ վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկացվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի՝ չառանձնացնելով Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից՝ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ՝ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից՝ փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի»,- գրել է Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին