▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես Հակոբյան

Ճանաչելով այդ բոլոր գեներալներին և սպաներին՝ ասեմ, որ նրանք պատահական մարդիկ չեն։ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն է։ Այս համերաշխությունը ձևավորվել է այս իշխանության 2․5 տարվա ընթացքում վարած քաղաքականության արդյունքում։

Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

«Երբ մարդ պաշտոնյա է և իր թիմակիցն է լինում, ապա նա լավագույն պաշտպանության նախարարն է, լավագույն ԳՇ պետն է լինում, բայց երբ պաշտոնից հեռանում է, բոլոր մեղքերը փորձում են բարդել այդ մարդու վրա։ Սա երևում էր իրենց՝ իշխանության գալու առաջին օրվանից, երբ իրենց բոլոր թերությունները, բացթողումները պատերազմի տանուլ տալը վերագրում են նախորդներին։ Ինձ համար անհասկանալի է՝ իրենք հիմա իշխանությա՞ն են, թե՞ ընդդիմություն են։

Այս մարդիկ չհասկացան, որ երկրի ղեկավար են և իրենք են պատասխանատվություն կրում ամեն ինչի համար։ Եվ բոլոր բացթողումները բարդել նախկին իշխանությունների վրա, անթույլատրելի է։

Բանակում ընդունված է, որ ամեն ինչ նախորդներին վերագրելը պատասխանատվությունից խուսափելու ձև է, որվհետև ինչպես զինվորականը, այնպես էլ գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են իրավիճակը, և ինքը պետք է դրանից ճիշտ եզրահանգումներ կատարեր և որոշում կայացներ՝ ընդհուպ մինչև հրաժարական տալ, եթե ինքը գտնում էր, որ իր ուժերից վեր էր այս խնդիրը լուծելը։

Ինքը դա չարեց, ընդհակառակը՝ սկսեց պոպուլիստական հայատարարություններ անել և դրանցով կերակրել ժողովրդին, հուսադրել,  թե մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Դիվանագիտական ճանապարհով հարցի լուծումը վիժեցրեց, պարտադրեց պատերազմի սկիզբը և պատերազմի ժամանակ շատ վատ կառավարման արդյունքում մեր երկիրը բերեց կապիտուլյացիայի»,– նշել է Մովսես Հակոբյանը։

Բանակ - ոստիկանություն

«Երկրի ղեկավարը մինչև օրս չի հասկացել, թե ինչ է բանակը, ազգային անվտանգությունը, ոստիկանությունը։ Այս ծանր պարտությունից հետո բանակի վիճակը ճիշտ չի գնահատում և սխալ որոշում է՝ ուժային կառույցներին իրար դեմ հանելը, որովհետև ուժերի հարաբերակցության տարբերությունը շատ տարբեր է։

Խորհուրդ եմ տալիս որևէ մեկին բանակի դեմ դուրս չգալ։ Վստահ եմ, որ այսօրվա զինվորականները և զորացրվածները կտրորեն և կանցնեն այն ուժերի վրայով, որոնք կփորձեն բանակի դեմն առնել։ Մյուս կողմից վստահ եմ, որ բանակը երբեք չի գնա ուժային գործողությունների։ Ես պատկերացնում եմ, թե մեր գեներալներին ինչ վիճակի են հասցրել, որ նման հայտարարություն են արել։ Երկիրը ղեկավարը չպետք է մոռանա, երբ նոյեմբերի 10-ին անկարգություններ են եղել Երևանում, երբ բոլորը փախել են, կուսակցականներն ամեն մեկը մտել մի ծակը, բանակի ղեկավարությունն է դուրս եկել ժողովրդի մեջ և հանդարտեցրել։ Բանակը վիրավորված է, բայց մեռած չէ։ Վիրավորը կարող է պայքարել։ Ժողովրդին իրար դեմ, բանակին և ոստիկանությանը իրար դեմ հանող հայտարարությունները երկիրը կործանման տանող են։

Ինքը պետք է հասկանա, որ ԱԱԾ-ին նախկինում տվել են գեներալներին ձերբակալելու հրամաններ, որոնք չեն կատարվել, որովհետև ԱԱԾ-ում ծառայում են բավականին կիրթ և հայրենիքին նվիրված քաղաքացիներ, ինչքան էլ որ քննադատեն և իշխանությունը, և ընդդիմությունը։

Ինձ թվում է, որ այս երկրում իշխանափոխություն չի եղել, որովհետև այսօրվա իշխանությունը խոսում է ինչպես ընդդիմություն, կարծես երկրի ղեկավար չի։ Երկրի ղեկավարի խոսքը երկմտություն չպետք է առաջացնի։ Ղեկավարի խոսքը հազար անգամ պետք է ստուգվի, նոր հրապարակվի։

Այդպիսի այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է և այլևս չի ենթարկվում։ Ես միջնորդավորված ձևով վարչապետին անընդհատ հասցրել եմ, որ լավ կլինի՝ բանակից չխոսի, որովհետև իր՝ բանակի մասին ունեցած գիտելիքները նույնքան են, որքան իմը՝ ատոմային ֆիզիկայից։ Տարրական գիտելիք չունի։ Ես ճանապարհին մտածում էի, որ սա դպրոցում ռազմագիտության դասն էլ լավ չի սովորել։ Եվ իր հայտարարությունները՝ չգիտեմ միտումնավոր, թե իր չիմանալու պատճառով բանակին մեծ վնասներ է հասցնում։ Ի՞նչ է նշանակում բանակի գեներալներին ստիպել են ստորագրել։

Ես էլ եմ հորդորել վարչապետին, հիմա էլ հորդորում եմ, որ ավելի լավ է գնա, այս երկրին վնաս չտա։ Ցանկացած օր իշխանության մնալով՝ նա այս երկրին վնաս է տալիս։

Ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, թե այս ապիկար իշխանության վարած քաղաքականությունն ուր է տանում։ Բոլորը մեղավորն են՝ նախորդ իշխանությունները, դատավարոները, կամավորականներն են փախել, հերթը կհասնի նրան, որ մեղավորն իր մայրն է, որ իրեն ծնել է։

Բանակի գեներալին հեռացնելու համար պատճառներ են պետք, և նախքան հեռացնելը նա պետք է մի քանի խախտումներ ունենա։ Միանգամից հեռացման համար պպատճառ կարող է լինել միայն մեկը՝ քրեական գործի հարուցումը և դատարանով մեղավոր ճանաչելը։ Մի մարդ, որին երկու ամիս առաջ շնորհվում է Ազգային հերոսի կոչում, երկու ամիս անց հեռացվում է։ Այդպես չի լինում։

Վատ ղեկավարը միշտ ուժեղ մարդկանցից խուսափում է, իսկ տարիների ընթացքում մեր բանակն ապացուցել է, որ ուժեղ կառույց է։ Գիտեմ, որ վարչապետն իր կառավարման տարիներին բանակից վախեցել է և իր հրամաններով փորձում է ցույց տալ, որ ինքն է հրամանատարը։ Ինքն իրեն հրամանատար հռչակեց։ Այդ իրավունքը պետք է վաստակես։ Եթե Գլխավոր շտաբի բոլոր հրամանատարները հայտարարում են, որ ստորագրել են, ասում են, որ դու մեր հրամանատարը չես, դու ո՞ւմ հրամանատարն ես։ Կարող է միտինգավորների հրամանատարը լինել, դա իր մոտ շատ լավ ստացվում է»,– ասել է Մովսես Հակոբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին