▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մեթոդի կիրառումը որևէ բան փոխելու համար` ավելի անընդունելի է

Շանթ Հարությունյանը, ով օրեր առաջ սկսել էր նստացույց և հայտարարել, որ «սկսում է հեղափոխություն», երեկ որոշեց անցնել կտրուկ գործողությունների` բենզինով լի շշերով, փայտերով, մարգանցովկա-բրոնզոց գրավել Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրը: Ազատության հրապարակում հավաքված մարդկանց և լրագրողներին նա բացեիբաց հայտարարեց իրենց մտադրության մասին, բարձրախոսով հայհոյախառը բառերով կոչեց մի ամբողջ ազգի և սկսեց «գործել»: Մաշտոցի պողոտան անցնելիս հանդիպելով ոստիկանների արգելքին` այս խումբը սկսեց պայթեցնել իրենց մոտ եղած «զենքերը», փայտերով հարձակվել ծառայություն անց կացնող ոստիկանների վրա, ինչի արդյունքում եղավ դանակահարություն, և 8 ոստիկան հայտնվեց հիվանդանոցում: Այդ պահին Մաշտոցի պողոտան բաց էր. Այնտեղով անցնում էին մեքենաներ, մայթերով քայլում էին մարդիկ, և Փառք Աստծո, որ այդ միջադեպի հետ կապ չունեցող մարդկանց վնաս չի հասցվել: Այս դեպքից հետո, ինչպես ընդունված է մեր իրականության մեջ, մարդիկ բաժանվեցին երկու խմբի`

1. Համարում են, որ Շանթի այս «նախաձեռնությունը» շատ լավ էր, սա միակ ձևն է Հայաստանում իշխանափոխության հասնելու:

2.Դեմ արտահայտվեցին «նախաձեռնությանը»` որակելով այն ոչ ադեկվատ, անընդունելի և անիրականանալի:

Ասեմ, որ ինձ դասում եմ ավելի շատ 2-րդ խմբի կողմնակիցներին:

Ի՞նչ է նշանակում փայտով ու բենզինի շշերով գրավել նախագահի նստավայր: Հարգելիս, սա համակարգչային խաղ չէ, մենք ապրում ենք իրական աշխարհում: Ի՞նչ է, կարծում ես Օպերայից Բաղրամյան 26 պետք է կարմիր գորգ փռեին ոտքերիդ տակ, իսկ տեղ հասնելուն պես բացեին նստավայրի դարպասները` ասելով. «Համեցեք, շենքը Ձեզ է սպասում»: Սա, իմ խորին համոզմամբ, այդ դեպքն է, երբ բացակայում է կապը իրական աշխարհի հետ:

Կամ մի՞թե կարծում եք, թե ծառայություն անց կացնող ոստիկանը պետք է Ձեզ ուղեկցեր մինչև Բաղրամյան 26: Ոչ! Ոչ! և կրկին անգամ Ոչ!

Արդյունքում եղան վիրավորներ ոստիկանության շարքերում, մոտ քառասուն հոգի բերման ենթարկվեցին և քսան հոգի, այդ թվում նաև «շարժման լիդեր» Շանթ Հարությունյանը, ձերբակալվեցին:

Մինչ այս դեպքը կարդում և լսում էի Շանթի ելույթները, սակայն այն, ինչ նա արեց երեկ, չի տեղավորվում իմ դատողության և ոչ մի անկյունում:

Եթե այդ պահին այնտեղով անցնելիս լիներ իմ հարազատներից որևէ մեկը, և Աստված մի արասցե, նրան որևէ բան պատահեր, կարո՞ղ էր արդյոք որևէ մեկն ինձ մեղադրեր, եթե ես մի կողմ դնեի իմ օրինապաշտ և պարկեշտ քաղաքացի լինելը և սեփական ուժերով հաշվեհարդար տեսնեի «կազմակերպչի» հետ` ինքնադատաստանի ձևով: Եվ այս նույն բանը կարող էր պատահել կարդացողներից յուրաքանչյուրի հետ:

Հ.Գ. Այն, որ Հայաստանում կա դժգոհության դրսևորում, դա ակնհայտ է, սակայն այս մեթոդի կիրառումը որևէ բան փոխելու համար ավելի անընդունելի եմ համարում:

Գոռ Գևորգյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին