▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր էլ են հարցնում՝ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են եղել, չե՞ն բացահայտվելու. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին զոհված զինծառայողների ծնողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ են հարցնում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել, դրանք չե՞ն բացահայտվելու: Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ այդ գործերը քննելու ոչ մի խոչընդոտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, այդ քննությունները չպետք է որևէ կերպով ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, որովհետև բոլորս էլ գիտենք, և ակնհայտ է, որ բարեխիղճ, անձնազոհ սպաների և զինվորների թիվը մեծ է, և ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի, և՛ ենթասպայական, և՛ շարքային կազմի շատ մեծ մասը սեփական ծառայության իմաստը, նպատակը և առաքելությունը գիտակցող մարդիկ են և շատ փոքր թվով մարդիկ են, ովքեր հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվում:


Ընդհանրապես այդ հետաքննությունները, կարծում եմ, Հայաստանի պետականության հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն, և ոչ թե հակառակը: Իհարկե, նեգատիվ տեղեկատվությունը միշտ էլ որոշակի տհաճություն է պատճառում, բայց, կարծում եմ, մենք այդ ամենին պետք է նայենք, վերաբերվենք որպես առողջացման գործընթացի, ինչն անխուսափելիորեն պետք է իրականացնենք: Կրկին իմ խոնարհումը ձեզ, ձեր ընտանիքների, ձեր զավակների և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված բոլոր զինվորների, կամավորների, ազատամարտիկների և նրանց ընտանիքների առաջ: Հույս ունեմ, որ աջակցության հիմնադրամի հնարավորությունները շարունակաբար կմեծացնենք, և աջակցության գործընթացը գնալով ավելի ու ավելի վաղ թվականների դեպքերի վրա կտարածվի, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով արձանագրել, որ մենք բարոյապես, նաև ֆինանսապես նեցուկ ենք լինում մեր զոհված, հաշմանդամություն ստացած զինվորներին և նրանց հարազատներին»: 

Կարդացեք նաև՝ Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

Եթե կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ պետք է խստագույնս պատժվի. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին