Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Հայությունն արդեն 1000 տարուց ավելի՝ հեռացած է իր ինքնությունից, հեռացած է իր արժեքներից։ Հայն ավելի շատ օտար մշակույթն է կրում իր մեջ, քան ազգայինը։ Ուսումնասիրեք միջնադարյան իրականությունը, և նման հետևություն կանեք ինքներդ։ Դրա արտացոլանքն է նաև մեր այսօրվա իրականությունը։ Ոչ մի մշակույթ, ոչ մի ազգային արժեք, ոչ մի ազգային գաղափարախոսություն։ Ու սրա արմատները շատ խորն են։ Մենք հպարտանում ու պարծենում ենք հայազգի այն մեծերով, որոնք աշխարհում հայտնի են, որոնք հռչակված են, բայց նրանց 80 տոկոսից ավելին օտար միջավայրի ծնունդ են։ Այլ կերպ ասած՝ Ազնավուրը Հայաստանում Թաթուլ կամ Սպիտակցի Հայկո էր լինելու։ Ուզեք, չուզեք՝ այդպես է։ Որքան էլ հոխորտաք, որքան էր ըմբոստանաք՝ փաստերն են այդպես մատնացույց անում։
Հայն անգամ իր ժողովրդական բանահյուսության, հեքիաթի մեջ, ասքի մեջ կորցրել է իր ազգայինը։ Անգամ էպոսի գլխավոր հերոսի անունը հայկական չէ։ Բազում ասքեր, ավանդազրույցներ ունենք Հայաստանը կեղեքած, հայասպան Շամիրամի, Թեմուրի, Շահ Աբասի, մյուսների մասին։ Իսկ ո՞ւր է Տիգրան Մեծը, ո՞ւր է Արգիշտին, ո՞ւր են Հայաստանի փառքը կերտած մյուս կերպարները։ Արտաշեսի ու Տիգրան Երվանդյանի մասին առասպել ու ասք չունենք, դրանց պատմիչներն են մեզ ավանդել։ Իսկ օտարի մասին՝ որքան ուզեք։ Այնքան ենք հեռացել արմատից, որ անգամ այդ օտարին ենք վերագրել հայրենաշինությունը․ Շամիրամակերտ, Շամիրամի առու և այլն․․․
Իսկ այն էթնոսը, որը չի ճանաչում և ուրանում է իր արմատը և կամավոր դառնում է կրոնական համայնք, այլ ոչ ազգ կամ ժողովուրդ, երբեք չի կարող հավակնել հայրենատիրության, չի կարող հավակներ արժանապատիվ գոյության։
Ո՞րն է ելքը․ ասեմ՝ պատմության ուսուցման վեկտորի փոփոխությունը։ Չի՛ք սնափառությանը, չի՛ք իրականությունն ու պատմական փաստերը լղոզված ներկայացնելուն։ Պետք է սպիտակին սպիտակ, սևին՝ սև կոչել։ Պետք է ճիշտ կրթական համակարգ ներդնել, որ գոնե եկող սերունդները կարողանան զգաստ, զգոն լինեն։ Ես դա անում եմ․ անում եմ իմ գրքերով, հրապարակումներով, հոդվածներով, դասընթացներով։
Եվ շատերը դրանից ցնցումների մեջ են ընկնում, հիմա էլ, վստահ եմ, այս գրառումը կարդալուց հետո Զատոյասեր հայ հասարակության մեջ շատերը ցնցումների մեջ են ընկնելու։ Բայց, կույրը չգիտի լույսն ինչ է, ու եթե պատրաստ չեք առերեսվել սեփական ինքության հետ ու պատրաստ չեք փոխել ձեր արժեհամակարգում ինչ որ բաներ՝ դուք միշտ նույնն եք լինելու, դուք զուրկ եք լինելու հետևություններ անելու, դատելու տարրական ունակությունից ու քանի որ ձեզ համար պատմությունը դաս չէ այլ հեքիաթ՝ շարունակ կրկնելու եք մեր նախնիների, մեր իսկ սխալները։
Ուշքի եկեք, էդ սնափառությունը դեն նետեք ու սթափվեք։ Ի վերջո՝ եթե հիվանդին չասես, որ նա հիվանդ է, երբեք չի բուժվելու։
Եվ ձեզ ազգայնական հռչակած, իրականում ազգհից ու ազգայնականությունից շատ հեռու մարդիկ․ ես, որ խոսում եմ մեր բացերի մասին, ես դա անում եմ ձե՛ր զավակների համար, իսկ թուրքը, մյուս թշնամիները դրա մասին շատ լավ գիտեն ու վաղուց գիտեն, իմ գրելով չէ, որ պետք է իմանան։ Այ, դու՛ք եք թուրքի ջրաղացին ջուր լցնում, ստերով ու սնափառությամբ կերակրելով ձեր զավակներին, դու՛ք եք թուրքի ջրաղացին ջուր լցնում, նրանց իրականությունից հեռու պահելով և սուտը նրանց արժեհամակարգը դարձնելով։ Ստի մեջ ապրում եք, ստով սերունդներ եք կրթում, ու զարմանում արդյունքի վրա։
Եվ եթե այսօր կան տասնյակ, գուցե հարյուրավոր դավաճաններ, որոնք պատրաստ են վաճառքի հանել կամ արդեն վաճառել են հայրենիքը, դրանում էլ է հասարակությունը մեղավոր։ Դրանում յուրաքանչյու՛րդ եք մեղավոր։ Երբ խոսում եմ դավաճանություններից՝ լինի դա եկեղեցի, իշխան թե թագավոր՝ ցնցումների մեջ եք ընկնում, թե ու՞մ է պետք այդ ճշմարտությունը, որը մեզ նվաստացնում է։ Այ տգետ ողորմելիներ։ Ձեզ պետք ուրեմն ձեր ողորմելի Եսը շոյող սո՞ւտը։ Ստով առաջնորդվող, սուտ արժեհամակարգով ապրող հանրույթը ուզում է հավակնել մեծ գործերի՞․․․ Խարդախությամբ փորձում եք լավ ապագա՞ կերտել։ Ձեր արժեհամակարգով ապրող հանրույթն այսօր Արցախը թուրքին նվիրեց, դուք դեռ Վանից ու Մասիսից եք խոսում կամ երազո՞ւմ։
Հիվանդ եք։ Ու քանի չեք բուժվել՝ այս մի կտոր հողն էլ եք օտարին տալու։ Ու բավարարվեք հայրենիքի կենացը ոտքի վրա խմելու բերկրանքով։
Հ․Գ․ Կարդալով այս գրառումը, դարձյալ ֆեյք էջերից լուտանքներ ու հայհոյանք թափելուց առաջ, մի հաստ պատի դեմ կանգնեք, մի քանի անգամ զարկեք գլխով այդ պատին, գուցե ինչ որ բան փոխվի ձեր գանգատուփի մեջ, գուցե ձեր գորշավուն բջիջները ցնցումից հետո փորձեն աշխատել»։
«Ազնավուրը Հայաստանում Թաթուլ կամ Սպիտակցի Հայկո էր լինելու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet