ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Արդիական բաց նամակ, որը գրել եմ շուրջ երկու տարի առաջ: Կրկին ստորագրում եմ այս բաց նամակի տակ և այն վերահղում մեր ֆաշիստ հարևանին...
Բաց նամակ
«ադրբեջանի հանրապետության» «նախագահ»
իլհամ ալիևին
Հարգարժան պարոն ալիև,
Վերջին օրերի ընթացքում ձեր իշխանության ներքո գտնվող ադրբեջանական բանակը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների նկատմամբ՝ տալով և պատճառելով զոհեր ու վիրավորներ:
Կոչ եմ անում ձեզ զերծ մնալ սեփական քաղաքական ու տնտեսական շահերի համար արկածախնդրային վարք դրսևորելուց, քանզի ինչպես բազմիցս համոզվել եք, ադրբեջանական բանակի յուրաքանչյուր ագրեսիա ստանում է համարժեք հզոր պատասխան հայկական բանակի կողմից: Ցավոք, ձեզ համար նույնիսկ մեկ գրոշի արժեք չունեն ոչ միայն հայերի, այլ նաև ձեր ազգակիցների կյանքերը:
Արցախյան գոյամարտում կորցնելով զինվոր հայրիկիս և ադրբեջանական դավադիր ձեռքով դրված ականի պայթյունից զրկվելով տեսողությունից՝ ես խորապես հասկանում եմ պատերազմի գինը: Այդ պատճառով ձեզ կոչ եմ անում խաղաղության՝ հանուն և՛ ադրբեջանցի, և՛ հայ մանուկների ծնողահեն մանկության ու աչքերի լույսի: Մյուս կողմից կուզեի տեղեկացնել, որ ես, պատերազմի ու խաղաղության գներն իմացողս, կարիքի դեպքում պատրաստ եմ զորակոչվելու հայկական բանակ կանխարգելելու ադրբեջանական ատելության հերթական ալիքը և պաշտպանելու հայրենիքս, ինչպես արդար կերպով հայրս ու հազարավոր այլ հերոս հայորդիներ արեցին: Համոզված եմ՝ ի տարբերություն ադրբեջանական արատավոր ու բարոյալքված բանակի՝ հայկական բանակում կգտնվեն բազմաթիվ աշխատանքներ, որոնք կարող են արվել չտեսնողի կողմից՝ երաշխավորելով խաղաղությունը և՛ հայ ազգի, և՛ ձեր լծի տակ հեծող ադրբեջանցիների համար:
Արտակ Բեգլարյան