▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` «Ապահով Հայաստան» ընտրած քաղաքացուց

Մեծարգո պրն Սերժ Սարգսյան, Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես էլ եմ ուզում հավատալ, որ Ձեր իմացությունը դրականորեն կփոխի իմ և իմ նմանների (գոնե 11 տուժող հայտնի է` ըստ նույն` Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի սցենարի) կյանքը, ու մենք մեզ իսկապես կզգանք օրենքով պաշտպանված ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու միջամտությունը հաշմանդամ (Սեդա Վարդանյան) և բազմազավակ մորն (Անահիտ Կարապետյան) իր վերջին ու միակ հույսից` իր տանիքից, չզրկելու և դատարանում արդարացված վաշխառուի ապօրինությունները կանխելու հարցում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև դատարանում գրանցված մի քանի քրեական և քաղաքացիական գործեր, որոնց ընթացքը խիստ անարդար են գնահատում ինչպես` տուժող կողմի ներկայացուցիչները, այնպես էլ` նրանց պաշտպանող իրավաբանները և, որքան էլ զարմանալի հնչի, նույնիսկ մեղադրող կողմը` դատախազը (քրեական գործի մասով): Սակայն դատարանն արդարացնում է վաշխառության մեջ մեղադրվող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանին` բացահայտ անտեսելով մի շարք ապացույցներն ու վկաների ցուցմունքներ:

 

Չենք ուզում չարախոսել կամ անհիմն մեղադրանքներ հնչեցնել, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն` հենց Վճռաբեկ դատարանից են հովանավորում և աջակցում մեղադրյալին` յուրաքանչուր անգամ ջրից չոր դուրս գալուն: Մեր պարագայում ևս նույնը կրկնվեց` անսպասելիորեն պարտվեցինք քր.գործի ԵԿԴ/0067/01/13 մասով: Առջևում Վերաքննիչ դատարանի փուլն է: Մեր կամքն անկոտրում է` խաբեբայից պաշտպանելու մեր բնակարանները: Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանն անգամ դատարանում չի թաքցնում իր քամահրանքն օրենքի նկատմամբ` ասելով. «շատ-շատ մի երկու կոպեկ տուգանք տանք, պրծնենք»:

 

Հարգարժան պարոն Նախագահ, հասկանում եմ, որ վաշխառությունն ապացուցելը հեշտ գործ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր գործով մեղադրվող անձի` Տիգրան Մարտիրոսյանի, նկատմամբ 11 (տասնմեկ) դատական վարույթ կա միայն www.datalex.am կայքում, ևս 2 վարույթ ընթացքի մեջ է քրեական գործով: Աստված գիտե, թե քանիսն էլ դեռ կավելանա, եթե մեզ զրկեք վերջին հույսից` Ձեր միջնորդությունից` գործի ընթացքին օրինական լուծում տալու և հետևողական լինելու հարցում: Մեծարգո Նախագահ, վստահեցնում եմ, որ Ձեր աջակցությամբ տասնյակ ընտանիքների կյանքի լավագույն նվերը կանեք` խաբեբայից պաշտպանելով նրանց բնակարանները: Նամակս չծանրաբեռնելու նպատակով, գործին վերաբերող բազմաթիվ ապացույցները կներկայացնեմ ցպահանջ, իսկ այժմ հակիրճ ներկայացնենք իրավիճակը: Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը 2009 թվականից խաբեությամբ տարբեր հուսահատ մարդկանց բարձր դրույքաչափով (տարեկան 60%` ամսական 5%) գումար է տրամադրել: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Տ.Վ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի տված հնարավորությունը, միամիտ մարդկանց մոտ պատրանք է ստեղծել, թե իրենք գործ ունեն պետական կառույցի ներկայացուցչի հետ, և վստահել են նրան: Միայն հետագայում է պարզվել, որ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանն ուղղակի վաշխառությամբ է զբաղվել` խաբելով ու ստրկացնելով մարդկանց: Նա տասնյակ մարդկանց հետ նոտարական վավերացմամբ կնքել է գրավի հիպոթեքի շաբլոնային պայմանագիր: Բոլոր դեպքերում պայմանագրում նշված գումարը գրեթե կիսով չափ ավելին է եղել նրա տրամադրածից: Մարդիկ, առանց որևէ անդորրագրի (նա խիստ վիրավորվել է ամեն անգամ, երբ նրան խնդրել են անդորրագիր ստորագրել վճարված գումարի դիմաց), նրան վճարել են ամսական 5 տոկոս` վերցրած գումարի: Նշենք նաև, որ նա խաբեությամբ պայմանագիրը կնքել է միայն մի քանի ամսով, համոզելով, որ դա որևէ կապ չունի, և կարևորն այն է, որ բանավոր պայմանավորվածությամբ որոշվել է գումարը մարելու իրական ժամկետը: Իսկ երբ անցել է 3 տարի, նա դիմել է դատարան` պահանջելով վերադարձնել գումարը` մեծ չափերի հասնող տոկոսներով: Սա իրականության թռուցիկ նկարագրությունն է «անհաղթ» Տիգրան Մարտիրոսյանի ոդիսականից:

 

Ներկայացնում ենք նաև «Դատալեքս» պաշտոնական կայքում նույն` Տիգրան Մարտիրոսյանի և նրա զոհերի դատական գործերի տվյալները.

 

Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր` Գայանե Թաթուլի Կարախանյան Դատական Գործ N: ԵՇԴ/0620/02/12 Դատավոր` Նաիրա Գևորգի Հովսեփյան Դատական Գործ N: ԵՇԴ/0619/02/12 Դատավոր` Նաիրա Գևորգի Հովսեփյան Դատական Գործ N: ԵԱԴԴ/0632/02/12 Դատավոր` Մարգարիտա Հարթենյան Դատական Գործ N: ԿԴ1/0316/02/12 Դատավոր` Սլավիկ Անդիջանի Թորոսյան Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր` Գայանե Թաթուլի Կարախանյան Դատական Գործ N: ԵԷԴ/0297/02/12 Դատավոր` Գայանե Խաչատրյան

Դատական Գործ N: ԵԿԴ/0562/02/12 Դատավոր` Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան Դատական Գործ N: ԵԱՔԴ/0320/02/12 Դատավոր` Սարիբեկ Վարդևանի Արամյան Դատական Գործ N: ԵԿԴ/0862/02/11 Դատավոր` Էդիկ Վարազդատի Ավետիսյան Դատական Գործ N: ԵԱԴԴ/0296/02/11 Դատավոր` Մարգարիտա Հարթենյան

 

Օրինականության վերականգնման ակնկալիքով և մեծագույն ՀԱՐԳԱՆՔՈՎ` առ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՏՈՒԺՈՂ` ՍԵԴԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ

15.07. 2013թ.


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին