Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Ա. Ս. Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին: Մեդալը Դավթյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
«Ինձ համար մեծ անակնկալ էր, բացարձակ չէի սպասում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրեդերիկ Դավթյանը՝ հավելելով, որ այս մասին տեղեկացել է առաջին շնորհավորանքներից:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կառուցվել է 1930-1931 թվականներին ճարտարապետներ Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի նախագծով։ Շահագործման է հանձնվել 1937 թվականին ՀԽՍՀ կառավարության հատուկ որոշումով։ Բացվել է նոյեմբերի 15-ին Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ։ Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը։ Խաղացանկը նախապես հիմնվել է ռուս դասական և ժամանակակից դրամատուրգիայի գործերի վրա։
Անի Կարապետյան