▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառենք և՛մեզ, և՛իշխանությանը ցանկալի դատավորին՝ քննությունը տալով անաչառի. Քոչարյանի պաշտպան

Այս գործի նյութերը, երբ առանձնացվել և ուղարկվեն են  մեզ, այդ նյութերում առկա է ամեն ինչ ամեն ինչի մասին։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերի տրամադրմանը։

«Սկսած 2008 թվականի հարցաքննություններից մոտ 12-13 հատոր մահացած անձանց սպանության հանգամանքների վերաբերյալ կիսատ գործի նյութերն են, որոնք ոչ մի բացատրություն չենք ստացել, թե ինչ կապ ունի գործի հետ, բայց մեղադրական եզրակացության մեջ ընդհանրական ձևակերպումներ են տրված։ Ներկայացված են նյութեր Ազատության հրապարակի առավոտյան իրադարձությունների մասին, ներկայացված են նյութեր 2008-ի հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին, որը բացարձակ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այս գործով ամբաստանյալների հետ»,-ասել է Հովհաննես Խուդոյանը։

Վերջինիս խոսքով այդ ամեն ինչն առանձնացված է, բայց ընտրողաբար. «Օրինակ 2008 թվականից բերված է մի ոստիկանի ցուցմունք, բայց բերված չէ նույն բանի մասին երկրորդ ոստիկանի ցուցմունքը։ Մենք չենք կարող ուղղակի վստահել դատախազությանը՝ ասելով, որ անկեղծ են։ Այդ պարագայում ո՛չ դատարան գալու իմաստ կա, ո՛չ բողոքարկումների իմաստ կա»,-ասել է Հովհաննես Խուդոյանն ու նշել է ՝ միայն մեկ տրամաբանություն կարող է տեսնել գործն իրենց չտրամադրելու մեջ, որ  այդ ամբողջ ծավալում կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել պաշտպանության կողմից  և Հովհաննես Խուդոյանի կարծիքով նրանք չեն ցանկանում այդ նյութերով կիսվել։

«Այ եթե օրինակ մեզ տրամադրված լինեին գործի նյութերը սկսած վերաբացումից մինչև գործի առանձնացման պահը, այդ դեպքում գուցե խնդիր չտեսնեինք։ Բայց այդ գործի նյութերի մեջ մի մեծ զանգված նաև վերաբերում է նախկինում տեղի ունեցած իրադարձություններին»,-ասել է Հովհաննես Խուդոյանն ու  ընդգծել է, որ Մարտի 1-ի մայր գործի հատորներում կան փաստաթղթեր, գրավոր ապացույցներ, անձանց ցուցմունքներ, որոնք չեն ներառվել այս ցանկի մեջ։ Դիտարկմանը, որ նախաքննությունից հետո դրանք հայտնի կդառնան, փաստաբանն ասել է, որ նախաքննությունը գուցե ևս 10 տարի տևի, իսկ իրենց վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից։

Հարցին՝ նախաքննության փուլում իրավունք ունեն պահանջել այդ նյութերը, Հովհաննես Խուդոյանը դրական պատասխան է տվել ու նշել է, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում նախաքննական գաղտնիքը բացահայտելու ծավալը և պետք է համեմատի դա ինչքանով է հավասարակշռվում անձի պաշտպանության իրավունքի հետ. «Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ պաշտպանության իրավունքն այս դեպքում գերակշռում է։ Բացի այդ առաջին ատյանի դատական ակտը շատ հետաքրքիր ձևակերպումներ ունի, նշում է, որ այդ տվյալները չեն կարող հրապարակային դառնալ։ Այսինքն մենք դրանց կարող ենք ծանոթանալ նույն պայմաններով, ինչ նախաքննության գաղտնիքին ծանոթանալու։ Երբ ծանոթանանք այդ նյութերին և տեսնենք, որ դրանց մեջ մեզ անհրաժեշտ նյութեր կան, օրինակ Աննա Դանիբեկյանին կմիջնորդենք այդ գործից այս նյութը կցել գործով և հրապարակել կա՛մ դռնփակ նիստում, կա՛մ դռնբաց նիստում։ Բայց մենք չենք կարող գալ օրինակ Աննա Դանիբեկյանի մոտ և ասենք՝ ամբողջ գործի նյութերը բերեք այստեղ, այս գործով քննենք, հասկանանք։ Նախ այդ դատավարությունը ևս 20 տարի կհետաձգվի, երկրորդ այնտեղ կա շատ ինֆորմացիա, որն ակնհայտ ավելորդ պետք է լինի»,-հավելել է  Հովհաննես Խուդոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին