▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ տեսարան` «Ռոմանտիկները» ֆիլմի պրեմիերայից առաջ

Շվեդիայում կայացած «Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում» համաշխարհային պրեմիերայից հետո` «Ռոմանտիկները» երիտասարդական դրաման ապրիլի 25-ից կցուցադրվի Երևանի կինոթատրոններում: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը։
Ֆիլմի ռեժիսորներ են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը, ովքեր որոշ փակագծեր են բացել ու ֆիլմից բացառիկ տեսարան տրամադրել։

Ֆիլմի հիմնական ասելիքը

«Ֆիլմի էական թեմաներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների հետ։ Պատահական չէ, որ գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմը, ըստ էության, 6 ընկերների մասին է, ովքեր բանական մարդ լինելով մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին։ Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես՝ հանդիսատեսն էլ է մասնակցում խնջույքին»։

Ինչու ռոմանտիկներ

«Ռոմանինկներ, որովհետև նրանց երազանքները ռոմանտիկ են, նրանք մեղսագործներ են, սակայն անմեղ երեխայի պես անգիտակցորեն են հանցանք գործում։ Իրականում սա «Տականքներ» բառի հականիշն է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»։ Այս արտահայտությունը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում. նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են»։

Սուր տեսարաններ

Ֆիլմում որպես այդպիսին «բաց» կամ «էրոտիկ» տեսարան չկա։ Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների հանդեպ։ Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները` գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են։

Ավելացնենք նաև, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» Ազգային Կինոյի մրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային Ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ» և «Լավագույն դերասան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին