Սրտանոթային հիվանդություններից մահացությունը մնում է ամենաբարձրը:Ամբողջ աշխարհում բոլոր մահացությունների 30 տոկոսը կապված է այս հիվանդության հետ և այդ թիվը պակասելու միտում չունի: Մահացությունների 80 տոկոսը այն երկրներում է, որոնք ունեն միջին կամ ցածր եկամուտի մակարդակ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայասատնում սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են:
«Դա կապված է ոչ միայն նրա հետ, որ երիտասարդները սխալ ապրելակերպ են վարում, ճարպակալում ունեն, այլև նրա հետ, որ նյարդահոգեբանական ծանրաբեռնվածություններն ավելի մեծ են, քան 30-50 տարի առաջ»:
Սրտաբանը նկատում է՝ սրտանոթային հիվանդությունների պատճառ կարող է լինել բացասական ինֆորմացիան, որը մենք ամեն օր ստանում ենք.
«Իսկ բասացական էմոցիաները բերում են նրան, որ մարդկանց մոտ ավելանում է ադրենալին հորմոնի քանակն արյան մեջ, իսկ դա հանգեցնում է նրան, որ անոթների սպազմ է առաջանում, ավելանում է սրտի աշխատանքի հաճախականությունը, որը բերում է ճնշման բարձրացման, իսկ հետագայում՝ սրտանոթային ուրիշ հիվանդությունների»:
Անդրադառնակով ռիսկի գործոններին՝ Մարինե Օրդյանը նշեց, որ դրանք լինում են և՛ ձեռքբերովի, և՛ ոչ: Ձեռքբերովի կարող են լինել ծխելու, խմիչքի չարաշահման, ճարպակալման, նստակյաց ապրելակերպի, քիչ ֆիզիկական ակտիվության, արյան մեջ խոլեստերինի, շաքարի բարձրացման հետևանքով:
«Չենք կարող փոխել տարիքն ու ժառանգությունը»:
Սրտաբանը զգուշացնում է՝ մեծ վտանգ է ներկայացնում արագ պատրաստման սնունդը.
«Երիտասարդները շատ են օգտվում արագ պատրաստման սնունդից, որը շատ վնասակար է առողջության համար, քանի որ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, իսկ դա սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոն է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ձմռանը, ապա մասնագետի խոսքով, այս եղանակին 26-30 տոկոսով ավելանում է տվյալ հիվանդություններից մահացությունը:
«Հիմնականում դա վերաբերում է սրտամկանի ինֆարկտին և ուղեղի անոթների ինսուլտներին: Պայմանավորված է նրանով, որ սառը օդը բերում է անոթների սպազմի, բարձրանում է ճնշումը: Խուսափելու համար կրեք գլխարկ, ոտքերը տաք պահեք, և, եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն, տանից դուրս գալիս անպայման շարֆով փակեք բերանը, որպեսզի տաք օդ շնչեք»,-խորհուրդ տվեց սրտաբանը:
Մարինե Օրդյանն անդրադարձավ նաև հիվանդությունը կանխագուշակող ազդակներին, որոնք են՝ շնչարգելությունը, օդի պակասության զգացումը, գլխապտույտները, սրտխփոցը, ցավ կրծքավանդակում:
Հարցին, թե հայերը շարունակում են բժշկի դիմել հիվանդության բարդացման ժամանակ, թե՞ արդեն ավելի վաղ, սրտաբանը պատասխանեց, որ մենթալիտետը նույն է, դիմում են այն ժամանակ, երբ վիճակը բարդ է:
«Ամբողջ աշխարհում և Հայաստանում մոդա է առողջ ապրելակերպը, ինչը շատ գովելի է, մարդիկ արդեն հասկանում են, որ շուտ պետք է դիմեն բժշկի: Իհարկե, կապ ունի հնարավորությունը, իսկ այստեղ ապահովագրական բժշկությունը պետք է մեծ դեր ունենա»,-պատասխանեց Մարինե Օրդյանը:
Անի Կարապետյան