▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բենթլին արդեն ակտուալ չի, նվիրողն էլ Սուքիասյանը չէր …հետաքրքիր փաստեր ու մանրամասներ

Երեկ մամուլում տեղեկություն կար, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «հայտնի» բենթլին.  նշվում էր նաև, որ այդ գումարները օգտագործվել են բարեգործական նպատակներով:

Asekose.am-ը փորձել է պարզել, թե ինչու այդ բարեգործության մասին լրատվամիջոցները տեղյակ չեն եղել, Արարատյան թեմի մամլո դիվանից պատասխանեցին, որ բարեգործություն անելիս ձախ ձեռքը չպիտի իմանա, թե աջն ինչ է անում:

Մեր պնդումներին ի պատասխան` մամուլի խոսնակն առաջարկեց գնալ առաջնորդարան, այցելել թեմի ցանկացած եկեղեցի ու տեղում ծանոթանալ տարիներ ի վեր իրականացվող բարեգարծական աշխատանքներին, որոնց շահառուները անապահով խավն է`տարեցներ, միայնակ մայրեր, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներ և այլն: Նա նաև տարակուսանք հայտնեց, որ այդ թեման կարող է հետաքրքրել լրատվամիջոցներին, քանի որ դրա մեջ սկանդալային նյութ չկա, որ գրավի լրագրողներին:

Մամլո խոսնակի խոսքով «բենթլիի» թեման երբեք էլ պատասխանի արժանի նյութ չի եղել, քանի որ բամբասանքներին պատասխանել նշանակում է շարունակել բամբասանքը: «Դուք Արարատյան հայրապետական թեմ եք զանգել: Եթե հոգևոր թեմաներին վերաբերող հարցեր ունեք` խնդրեմ,- ասաց մամուլի խոսնակը»:

Մենք փորձեցինք  պատասխաններ գտնել թեմի քահանաներից մեկից: Սակայն նա համաձայնեց խոսել մեզ հետ` պայմանով, որ իր անունը չհիշատակենք, քանի որ դա կարող են «քաղաքականացնել»:

Մեզ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ մկրտության խաչը Նավասարդ արքեպիսկոպոսը իր սանիկ Մհերի երեխային առանց ոսկյա շղթայի պիտի նվիրեր:

Քահանան ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն սբ. Մկրտության ժամանակ կարևոր չի, թե խաչն ինչ նյութից է պատրաստված, բայց կարևոր է, որ խաչը շղթայի փոխարեն երկգույն` կարմիր ու սպիտակ, թելին` նարոտին, անցկացված լինի: Այդ գույները խոհրդանշում են մեր փրկության  համար թափած` Քրիստոսի արյունը և մկրտության ջուրը: Նարոտը խորհրդանշում է նաև այն արյունն ու ջուրը, որ հորդեց խաչի վրա գամված Քրիստոսի` գեղարդով ծակված վերքից: Ի դեպ, քահանան ասաց, որ քրիստոնեության վաղ շրջանում միայն նարոտ են գործածել` առանց խաչի: Մկրտության ժամանակ խաչը ավելի ուշ շրջանում է սկսվել կիրառվել: Տեր հայրն ասաց, որ հիմա էլ մկրտության ժամանակ խաչը պարտադիր չի: «Նարոտն է պարտադիր: Մենք պարզապես խորհուրդ ենք տալիս, որ մեռոնից դուրս գալուց հետո նարոտը պահեն, քանի որ այն օրհնված է, և դրա փոխարեն խաչը որևէ մետաղական շղթայի անցկացնեն: Նարոտը թելից է պատրաստվում և մետաղական խաչից կարող է շուտ վնասվել»:

Փաստորեն Նավասարդ սրբազանը ոչ թե «չարամտորեն» ոսկյա շղթա չի նվիրել, այլ պահել է Հայ եկեղեցու կանոնը:

Իսկ մամուլի հրապարկման այն հատվածին, որ Երևանում երբեք որևէ մեկը չի նկատել Սրբազանին բենթլիով շրջելիս, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը երբեք չի տեսել, որ Սրբազան հայրն այդ մենքենայով լինի: «Սրբազանը նման բաների երբեք էլ կարևորություն չի տալիս: Նրա փոխարեն չարամիտներն են կարևորության շղարշ հաղորդում այդ ամենին»: Տեր հայրը տեղյակ չէր, թե ով է բենթլին նվիրել կամ ում է վաճառվել այն:

Սակայն մեր այլ աղբյուրներից տեղեկացանք, որ բենթլին ամենևին էլ օֆշորային պատմության հեղինակ Աշոտ Սուքիասյանը չի նվիրել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ «Աշոտի բենթլին ուրիշ տեղ է, պարտքի դիմաց այն տվել է իր ընկերներից մեկին: Նավասարդ սրբազանի բենթլին ուրիշ մոդել էր, սպորտային էր: Աշոտինը հին մոդել էր: Համ էլ գույնն էր ուրիշ: Ես գիտեմ, որ բենթլին Մհերն էլ չի նվիրել: Լսել եմ, որ սրբազանը բենթլին վաճառել է, ասում են, որ բարեգործական ծրագրի է տվել գումարը: Ճիշտն ասած` չգիտեմ, թե էդ ամեն ինչը ոնց է եղել, բայց դա շատ նման է սրբազանին: Ինքը կապվածություն չունի ավտո-մավտոներին ու հանգիստ կարող էր նվիրել կամ տալ ուրիշին, ու նորմալ է, որ դրա մասին շատերը չգիտեին: Որ տեսնում են ուրիշ ձևով չեն կարողանում նրան վարկաբեկել, սկսում են բամբասել: Ախր, որ դուք մի կես ժամ հետը խոսեք, կտեսնեք, որ նա իսկական ազգային մարդ է: Ու թե ինչեր է արել մեր ազգի համար, դեռ շատ հետո կիմանանք: Էդ ո՞ր լավ մարդու մասին վատ բաներ չեն գրել` Խորենացուն հիշեք, Խրիմյան Հայրիկին հիշեք, Կոմիտասին: Վազգեն կաթողիկոսին էլ ինչ ասես չէին ասում, ծաղրանկարներ էին տարածում, չէին հարգում: Աղջիկ ջա´ն, դուք ջահել եք, կարող է չհիշեք, բաց մեր սերունդը պիտի հիշի: Իսկ հիմա Վազգեն կաթողիկոսի անունով քիչ է մնում երդվեն»:

Հեղինակ` 

Անահիտ Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին