Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում կան նաև ազգությամբ հայեր:
Արդեն հայտնել էինք երիտասարդ հայուհու և հայ քաղաքական գործչի մահվան մասին:
«Արևելք լրատուականի» տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև հալեպահայ ազգային գործիչ Աբրահամ Զուպրիկյանը: Նա եղել է Հնչակյան կուսակցության անդամ, եղել է Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձության ատենապետը:
Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին Բեյրութի պայթյունից ժամեր առաջ Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է եկել 90 հայ, այդ թվում՝ 16 երեխա։ Սա համավարակի պայմաններում Բեյրութ-Երեւան չորրորդ թռիչքն է, որով Բեյրութից Երեւան են տեղափոխվում Հայաստանում ապրել ցանկացող հայերը:
Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է գրեթե 4000 մարդ, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի հայտարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 67 զոհվածի և 3,6 հազար վիրավորների մասին:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ ավստրալացի է զոհվել, և Ավստրալիայի դեսպանատունը բավականին վնասվել է։ Մորիսոնը գրառում է կատարել, որ Ավստրալիան պատրաստ է աջակցել բոլոր տուժածներին:
Պայթյունը, որը որոտացել էր երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում:
Երկրի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պահեստում 2 750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել, որը վեց տարի պահվում էր նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցների: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Դիտեք նաև՝