▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարան ենք գնել վարկով, չէի ասի, թե շատ ապահովված ենք. Լիլի Էլբակյան

 Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լիլի Էլբակյանը, որքան էլ կարևորում է մասնագիտական աճն ու զբաղվածությունը, այնուամենայնիվ, իր ամենամեծ արարչությունը համարում է նորաստեղծ ընտանիքը: 

 -Այժմ զբաղված եք միայն տանտիկնո՞ջ, մայրիկի՞ հոգսերով, թե վերադարձել եք աշխատանքային ռիթմին:

-Արդեն երկու շաբաթ է` աշխատանքի եմ գնում: Մի փոքր դժվար է, քանի որ երկու բալիկ ունեմ: Կարծեք թե, կարողանում եմ կամաց-կամաց հունի մեջ ընկնել. դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում: Իմ ուսանողներն արդեն երրորդ կուրսում են սովորում: Իմ՝ դեկրետում լինելու ընթացքում հայրս էր ինձ փոխարինում: Քանի որ ռեժիսորական կուրս է, զբաղվածությունս բավական շատ է, իսկ թատրոնում գործունեությունս դեռ չեմ վերսկսել, թեև, արդեն մտածում եմ:

-Աշխատանքի ժամերին դստրիկը մանկապարտեզում է, իսկ Ձեր որդո՞ւ խնամքն ում եքվստահում:

-Մենք հրաշալի դայակ ունենք, ով մեծացրել է Էլմիին: Նաև մայրս է օգնում, քանի որ կողքի շենքում է բնակվում: Սակայն, ինքս էլ դեռևս շատ երկար ժամանակով չեմ բացակայում, երբ գործը վերջացնում եմ, «վազում եմ» տուն, սիրտս տանն է:

-Լիլի, կողմնակի հայացքով դուք բավական ապահովված եք, ֆինանսական վատ հնարավորություններ չունեք: Ի՞նչն է պատճառը, որ գտնվելով օրինական հետծննդաբերական արձակուրդի մեջ, ունենալով երկու զավակ, ընդ որում՝ կրտսերը 5-6 ամսեկան, շտապում եք աշխատանքի:

-Չեմ կարծում, որ Հայաստանում այժմ կա այդ աստիճանի ապահովված խավ: Մեր հասարակությունը բաժանված է երկու մասի՝ շատ հարուստներ և չեմ ուզում ասել՝ շատ աղքատներ, բայց…: Ինչ վերաբերում է մեզ, ապա ասեմ, որ բնակարան ենք գնել վարկով, ու չէի ասի, թե շատ ապահովված ենք: Եթե կողքից այդպես է թվում, ապա թյուր կարծիք է: Ես փորձում եմ ամեն ինչով օգնել ամուսնուս, քանի որ նոր կայացող ընտանիք ենք և ուզում ենք ինքնուրույն ստեղծել մեր կյանքը: Դա շատ դժվար է, բայց շատ քաղցր: Նաև ասեմ, որ գումարից բացի, որն ինձ համար շատ կարևոր է, կան նաև մասնագիտություններ, որոնցով տևական ժամանակ չզբաղվելու դեպքում կարող ես հրաժարվել: Դա առաջնահերթ վերաբերում է պարողներին և դերասաններին, քանի որ իրենց «գործիքն» իրենց մարմինն է, որը կարող է  «ժանգոտել»: Ինքս իմ փորձից ելնելով՝ զգում եմ, որ դժվարությամբ եմ մնում «ֆորմայի» մեջ: Ընդհանրապես, կինը պետք է կարողանա շատ արագ «փոխել իր գլխարկները». հատկապես, 21-րդ դարում կինը պետք է կարողանա համատեղել ու լավը լինել և՛ ընտանիքում, և՛ շրջապատում, և՛ աշխատավայրում: -Դա չի՞ «մաշի» կնոջը:

-Նայած կին, նայած մտածողություն, նայած ժամանակ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Օրինակ, ես առաջնեկիս ծնվելուց հետո շատ ավելի էի ցանկանում աշխատել, այժմ ավելի դժվարությամբ եմ տրվում աշխատանքին, քիչ էնտուզիազմով եմ գնում: Երևի, հիմա ավելի գիտակցաբար եմ սիրում բալիկիս: Կինն Աստծո կողմից արարվել է որպես օգնական: Ես գիշերը գրեթե չեմ քնում, իսկ առավոտյան գնում եմ դասի, և դա այն դեպքում, երբ նախկինում բավական էր՝ գիշերը չքնեի և երկու օր ուշքի չէի գալիս: Կնոջ վրա իսկապես գերբնական ուժ է գալիս, սկսում ես ամեն բան հասցնել և փորձում ամենուր լիարժեք լինել:

-Ստացվո՞ւմ է:

-Մի քիչ չի ստացվում, ինչ-որ մի կողմը տուժում է, բայց դա էլ ժամանակավոր բնույթ է կրում:

-Այժմ զիջում եք որպես կի՞ն, մա՞յր, թե՞ դերասանուհի:

-Երևի թե որպես դերասանուհի և կին:Ինձ մոտ հիմա գերակշռում է մայրը, քանի որ զգում եմ, որ բալիկներս իմ կարիքն ունեն: Կարծում եմ, կարևոր է, որ այս ընթացքում ավելի շատ իրենց կողքին լինեմ, քանի որ սա իրենց կայացման ամենապատասխանատու շրջանն է: Սակայն, ամեն օր ինքս ինձ ասում եմ, որ պետք է կարողանամ մյուս երկու տեղերում էլ աճել, բաց չթողնել, քանի որ հետո շատ դժվար կլինի: Պարզապես, շատ արագ ստացվեց ամեն ինչ, երեխաների մեջ տարիքային տարբերությունը քիչ է: Թեև, շատ ուրախ եմ բալիկներիս համար: Կարծում եմ, մեկ-երկու տարի հետո լիարժեք կզբաղվեմ նաև իմ աշխատանքով: Չնայած՝ մայրությունը «հոգսերն»  ավելացնում է:

-Իսկ գուցե երկու տարի հետո երրորդ զավակո՞վ համալրեք ընտանիքը:

-Ճիշտն ասած՝ կցանկանայի երրորդ զավակ 7-8 տարի հետո ունենալ: Թատրոնի հետ կապված մտքեր ունեմ, որոնք կիսատ են մնացել, ուզում եմ իրականացնել: Բայց, եթե լինի, նշանակում է Աստծո կամքն է, ու ես խոնարհաբար կընդունեմ այն:

-Ձեր ամուսինը կիսո՞ւմ է Ձեր կարծիքը:    

-Համոն սկզբում երկրորդ բալիկ ունենալուն էլ էր դեմ, որովհետև ամեն ինչ շատ միանգամից ստացվեց. մեր ամուսնությունից մեկ ամիս հետո իմացանք, որ ծնողներ ենք դառնալու: Դեռևս միմյանց չվայելած՝ ծնվեց մեր առաջնեկը: Երբ երկրորդ երեխայի մասին իմացանք, նա ասում էր. «Պատրա՞ստ ես նորից գիշերները չքնել»: Բայց ես շատ էի ցանկանում տղա ունենալ, որպեսզի եղբորս անունը տամ նրան: Շատ ուրախ եմ, որ բալիկս ծնվեց: Մտածում եմ՝ ինչպե՞ս կարող էի ես նրան չճանաչել:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին