▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա` վառելափայտի համար.«Ժողովուրդ»

Երեկ Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել եւ միաժամանակ փակել Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհը: Գյուղացիների բողոքի պատճառն այն է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Սահակ Մուրադյանը թույլ չի տալիս անտառից վառելափայտ ձեռք բերել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական:

Երեկվա բողոքի ակցիային  Հաղարծինի բնակիչներից բացի մասնակցել են նաեւ Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի եւ այլ համայնքների բնակիչներ:

«Ժողովուրդ»-ը Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանից տեղեկացավ, որ մինչ այս գյուղացիները  յուրաքանչյուր տարի առանց խոչընդոտների կարողացել են վառելափայտ ձեռք բերել:

«Փայտ չունեն, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենը թույլ չի տալիս փայտ կտրել անտառից: Բնապահպանության նախարարն էլ է նոր մարդ, Ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ: Մոտ երկու ժամ բանակցելուց հետո, ի վերջո մարզպետը կարողացավ խոսել նախարարի հետ եւ, հավանաբար, վաղվանից թույլտվություն կլինի: Անտառներում հաշվարկներ էր ընթանում, երեւի շատ ուշացավ, իսկ եղանակներն էլ արագ փոխվեցին, դրա համար էլ մարդիկ մտահոգված են, քանի որ արդեն ցուրտ է»,-ներկայացրեց գյուղապետը: 

Թեեւ Հաղարծինում բոլոր տները գազաֆիկացված են, սակայն բնակիչները հրաժարվում են գազ վառել, քանի որ այն չափազանց թանկ է: «Այնքան թանկ է: Նույնիսկ ես չեմ սպառում: Ես էլ եմ ձմռան ամիսներին փայտ օգտագործում: Բայց մարդկանց վստահեցրել են, որ վաղվանից թույլտվությունը կլինի»,-հույս հայտնեց գյուղապետը:

Տեղեկացնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների եւ փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն դրամի վարչական տուգանք եւ հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված 3.4 մլն  դրամի վնաս:

Ի դեպ, երեկվա բողոքի ակցիան հանդարտեցնելու նպատակով Հաղարծին են  գնացել Դիլիջանի ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի տարածքային բաժնի պետ, Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը: Իսկ ահա մարզպետ Հովիկ Աբովյանը  չի բարեհաճել ժամանել`հանդիպելու դժգոհող գյուղացիների հետ: Փոխարենը գյուղապետերն են մի քանի գյուղացու հետ գնացել մարզպետի մոտ: 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին