▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանի գործը կրկին ընթացքի մեջ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ հանրությանը հայտնի «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ հինգ տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործի քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը։

Հիշեցնենք, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։

Այդ ժամանակ հարց էր առաջացել, թե ինչու է դատարանը տարիներ շարունակ քննվող քրեական գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակում և ինչ հանգամանքներ է փորձում պարզել կամ հաստատել դրա միջոցով։ Այժմ, երբ փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է դատարան, գործի քննությունը վերսկսվել է։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, «շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Հատկանշական է, որ Մհեր Սեդրակյանի ընտանիքի անունը վերջին շրջանում հայտնվել է նաև մեկ այլ աղմկահարույց պատմության համատեքստում։ Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն Երևանում անհատույց օգտագործման իրավունքով ստացել էր 36 շտաբային տարածք, որոնք հիմնականում տրամադրվել էին մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ գրասենյակային տարածքներ էր «նվիրել»՝ առանց վարձակալության։ Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։

Տեղեկացնենք, որ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը։

Ուշագրավ է, որ Արտակ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Մասնավորապես, Արտակ Գևորգյանի անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Նա նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ։

Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին հենց այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։ Բայց տարիներ շարունակ այս գործը տեղից չի շարժվում»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին