▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բռնելոցին սկսվեց․․․ Սարի՞կ»․ Ռուբեն Մխիթարյան

Թարմացված․ «Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է 10 օր ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական՝ 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, սա քաղաքական հետապնդում է, թե չէ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք, կասենք, բայց որ սա քաղաքական, ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է»,- այս մասին, այսօր Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Գերագույն գլխավոր քնձըխը, երբ եկել էր Գյումրի, լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի․․․ Ես մի ակտ եմ թալանել»,- նշեց Մխիթարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապահները նշում են, թե ինքը 6 ամսով զրկված է եղել վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, Ռուբեն Մխիթարյանը պարզաբանեց. «Ես զրկված եմ եղել 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունիսի 22-ը, հունիսի 25-ին հետ եմ ստացել իմ վարորդական իրավունքի վկայականը։ Զրկվել էի այն պատճառով, որ բալերս պրծել էր: Այս ամենը շատ ծիծաղելի է․ 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել»:

***

«Վկայի դատավարական կարգավիճակով են կանչել հարցաքննության Ռուբեն Մխիթարյանին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Մխիթարյանը, օգտվելով լռելու իրավունքից և ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ՝ հրաժարվեց ցուցմունք տալուց»,- ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ կապված դեռևս 2024 թվականին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու հետ:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրան զանգահարում են Քննչական կոմիտեից։ Նա տեղեկացվում է, որ 2024 թվականի մայիսին պարեկները ակտ են կազմել, քանի որ առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել։ Զանգահարողը Ռուբեն Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության։

«Ես չգիտեմ ինչ ակտի մասին է խոսքը, իմ փաստաբանը կկապվի ձեզ հետ»,- պատասխանում է Մխիթարյանը, որին ի պատասխան զանգահարողն ասում է․ «Այսօր ժամը 18։00-ին կներկայանաք հարցաքննության, ես եմ որոշում՝ երբ լինի հարցաքննությունը»։
Հրապարակված տեսանյութին կից Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Բռնելոցին սկսվեց։ Սարի՞կ, շատ արդար պայքարի մեջ ես, հալալ լինի։ Բոլորին ուղարկի վրեքս: Քննչականի օգնությունը գլխիցդ անպակաս: Չեմ էլ հիշում, ջրծաղիկի պատվաստում փոքր ժամանակ արել եմ, թե չէ: Ավանեսյանին էլ ուղարկի վրես: Սարիիիիկ, Քաղքի տղա, լա՞վ ես»։

***

Կարդացեք նաև՝ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․

Ինձ ուղղակի մի անհամեստ հարցա տանջում,

Ի՞նչ հիմքով են Ռուբեն Մխիթարյանին կանչում քննչական առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, եթե այդ արարքը Հայաստանում ենթադրում է վարչական պատասխանատվություն(ՎԻՎՕ հոդված 128):

Քրեորեն պատժելի չի:

Ցանկալի ա հարցին պատասխանի հարցաքննության ժամը միանձնյա և անբեկանելի որոշող տիկին քննիչը:

***

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի թիմակից Վահե Կիրակոսյանը հայտնում է. «Քննիչի պահանջով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով»:

Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Միթարյանին հրավիրել էին հարցաքննության, քանի որ 2024 թվականի մայիսին պարեկները ակտ են կազմել, որովհետև Մխիթարյանը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել:

***

Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշել է, որ Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է հարցաքննության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- ընդգծեց Ավդալյանը։

Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ քննչական մարմնից իրեն զանգահարում են և տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից իր նկատմամբ ակտ է կազմվել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Զանգահարող քննիչը Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության նույն օրը՝ ժամը 18:00-ին։

Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել էր, որ չգիտի, թե ինչ ակտի մասին է խոսքը, և իր փաստաբանը կկապվի քննչական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի աշխատակիցը նրան տեղեկացրել էր, որ հարցաքննության օրն ու ժամը որոշում է քննիչը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին