ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 5 կասկածյալի՝ փոստի գողության, ինքնության հափշտակության և խարդախության հետ կապված հետաքննության շրջանակում. հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները բնակելի համալիրի փոստարկղերից հեռացրել են այլ բնակիչների նամակները և օգտագործել նրանց անձնական տվյալները՝ կեղծ եղանակով վարկային քարտեր ստանալու համար։ Դրանք հետագայում ուղարկվել են նույն բնակելի համալիրի բնակարաններ։
Քննության ընթացքում պարզվել է նաև, որ կասկածյալները վնասել և փոխարինել են փոստարկղերի կողպեքների հատվածները՝ դրանց ապօրինի հասանելիություն ստանալու նպատակով։
Օգոստոսի 13-ին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել համալիրում և հայտնաբերել մեծ քանակությամբ անձնական տվյալներ, բանկային քարտեր, քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար և ոսկի։
Ձերբակալվածները Գլենդեյլի բնակիչներ են՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյան, 27-ամյա Ռոբերտ Պողոսյան, 35-ամյա Վահան Քալաշյան, 26-ամյա Արմեն Հարությունյան և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյան։ Հետաքննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու նպատակով։


