«Հիմնադիր խորհրդարան»-ի նախաձեռնած «100-ամյակն ՝ առանց ռեժիմի» շարժումը, որն իր կուլմինացիոն հանգրվանին պետք է հասնի ապրիլի 24-ին՝ հասարակական մեծ արձագանքի չի արժանանում: Նույնիսկ կարելի է պնդել, որ այդ շարժումով ու նրա կարգախոսով «ապրում» են բացառապես Ժիրայր Սեֆիլյանի փոքրաթիվ կողմնակիցներն ու իշխանության սահմանափակ կենտրոններ:
Ես անկեղծ չեմ լինի, եթե տեսակետ չհայտնեմ՝ նույնիսկ այն դեպքում, որ կանխատեսում եմ նաև հարազատ մարդկանց անհամաձայնություն, առարկություններ, վերապահումներ:
Նախ, շարժման բովանդակության, կարգախոսի մասին: Ցայսօր այդպես էլ ինձ անհասկանալի է մնացել, թե ի՞նչ կապ ունի ապրիլի 24-ի խոհուրդը ներքաղաքական օրակարգի, այս կամ այն իշխանությանը հեռացնելու պահանջի կամ որևէ մեկի քաղաքական ինքնահաստատման հետ: Նույն կերպ չեմ հասկացել, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո, իրենից գրպանված քվեները Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ որոշեց փնտրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Արդյո՞ք հնարավոր չէ հասարակության քաղաքացիական գիտակցության զարթոնքը կենդանացնել տարվա 365 օրերից որևէ այլ ամսաթվի, մանավանդ, որ մարդկանց մեծ մասն օբյեկտիվորեն չի ընդունում գործող իշխանությունն ու նրա քաղաքականությունը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի հետ կապված ավելի խորքային վերապահում ունեմ: Դա այն է, որ այս շարժումը, խումբը(ինչպես կուզեք անվանեք), ըստ էության՝ մերժում է քաղաքական պայքարի լեգալ միջոցները՝ շեշտը դնելով հեղափոխական զարգացումների վրա ու անվանարկելով կամ պիտակավորելով բոլոր այն ուժերին, որոնք գործում են քաղաքականության դասական կանոններով:
Երևի սա է պատճառը, որ հասարակությունը չի հավատում Ժիրոյի հեղափոխությանը, իսկ իշխանության համար՝ նման ընդդիմությունը «գրավիչ» է: «Հիմնադիր խորհրդարան»-ի մարգինալիզմի ֆոնին՝ իշխանությունը լեգիտիմացվում է, իսկ հեղափոխության իմիտացիան ու դրա ճնշումը թույլ կտան, որպեսզի «վերևները» «օրինականացնեն» քաղաքական ճնշումներն ու ոչ միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստների նկատմամբ: Այս ամենն իշխանությունն օգտագործելու է՝ իր վերարտադրության վերջին խոչընդոտները վերացնելու համար: Չկասկածեք:
Ժիրոյենք հեղափոխություն անելու ռեսուրս չունեն: «100-ամյակն ՝ առանց ռեժիմի» կարգախոսն ու «հեղափոխության» ընտրված օրը կապ չունեն իրական քաղաքականության հետ ու նման են արկածախնդրության՝ մի փոքր աղմուկով, գուցե մի քանի ձերբակալությամբ, իշխանության հոխորտանքով, հեղափոխություն գաղափարի նոր արժեզրկմամբ ու քաղաքականություն կոչվածի դևալվացիայով:
Ցանկացած արկածախնդրություն հարված է քաղաքականությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet